Նոյեմբերի 24-ին, ժամը 23:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշախատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2110» մակնիշի (վարորդը՝ Լ. Գ.) ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառն ընկել է և վնասել «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.), մոտակայքով անցնող էլ. լարերը և տրոլեյբուսի լարեր:
Փրկարարները «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել), ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել են տարածքը և «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել երթևեկելի գոտուց:
ՀՀ ԱԻՆ