Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հավատացեք, գելափներին՝ ոչ». Լեւոն Շիրինյան (տեսանյութ)

Նոյեմբեր 24,2018 17:50

Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն անձի կուսակցություն չէ, ինչպես շատերն են կարծում. այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կուսակցության նախագահ եւ նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Քրիստոնեաժողովրդավարներն ասուլիսի էին եկել ճերմակ աղավնիով: Քարոզարշավի ընթացքում էլ պատրաստվում են ճերմակ աղավնիներ օդ բաց թողնել:

Լեւոն Շիրինյանն ասաց, որ կոալիցիաների մեջ չեն մտնելու, ապագա խորհրդարանում էլ, եթե ներկայացված լինեն, ապա իրական այլընտրանք են լինելու, ոչ թե «ինչպես մյուսները»: Իրենք ընտրապայքարի դուրս են գալիս պրոֆեսիոնալների թիմով, որոնց հենց ընտրարշավի ժամանակ էլ կներկայացնեն եւ խոստանում են ընտրապայքարը գաղափարական դաշտ տեղափոխել: Լեւոն Շիրինյանն ասում է, եթե խորհրդարանում չլինեն էլ, ապա այնպիսի օրակարգ կձեւավորեն, որ քաղաքական ուժերը ստիպված կլինեն գաղափարական դաշտում պատասխանել իրենց բարձրացրած հարցերին: «Մենք փորձելու ենք տասներկու օրում քաղաքագիտության ամբողջական տեսությունը պրակտիկ կիրառման ձեւով ցույց տալ։Մենք պետք է մոռանանք պետության քրեական անցյալը, գողական պայքարը եւ գնանք դեպի լյառն Մասիս»,- ասաց Լեւոն Շիրինյանը։

Կուսակցության անդամ, առաջին եռյակում ընդգրկված Հայկ Սուքիասյանն էլ ասում է, որ իրենք գալիս են, որպեսզի քաղաքական դաշտը լցնեն մշակույթով: Իր կարծիքով, առանց մշակույթի քաղաքականությունը բոլշեւիզմ է: Իրենք նաեւ հստակ տնտեսական պատկերացումներով են գալիս: Դա չափավոր լիբերալիզմն է`ազատ շուկայական հարաբերություններ`պետության կարգավորիչ դերով, քանի որ կարծում են, որ լիբերալիզմը մեր տնտեսական զարգացման հարցում այլեւս անընդունելի է: «Լիբերալիզմն այսօր Հայաստանի շուկան թողել է ազատ: Իսկ Հայաստանի տնտեսությունը վաշխառուական կապիտալի ձեռքում է: Եթե տնտեսությունը թողնում եք ազատ, այդ վաշխառուական կապիտալը Հայաստանի տնտեսությունում ներդրում չի անելու»,- հստակեցրեց բանախոսը`մանրամասնելով, որ պետության կարգավորիչ դերն այս պարագայում լինելու է ներքին արտադրողին պաշտպանելը եւ պարտավորեցնել, որ վաշխառուական կապիտալը ներդրում կատարի երկրում: Իսկ Հայաստանի քաղաքական կյանքը, ըստ բանախոսի, պետք է կազմակերպվի դեմոկրատական սկզբունքով`իրավական հենքով: Նկատում է`դեմոկրատիան մեր եկեղեցուն էլ հատուկ է, մեր եկեղեցին ու մշակույթն էլ միշտ համահունչ են քայլել: Իսկ արտաքին քաղաքական կողմնորոշումներ ՔԺՎԿ-ում չունեն: Իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը լինելու է հայաստանակենտրոն. «Մեր հայացքը բացառապես Հայաստանից է»:

Aravot.am-ի հարցին`երեկ «Գելափ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը իր սոցհարցումները հրապարակեց, որոնց համաձայն ՔԺՎԿ-ն առաջիկա ընտրություններում 0, 03 տոկոս ձայն կհավաքի. ինչպե՞ս եք դրան վերաբերվում, Լեւոն Շիրինյանը պատասխանեց. «Հումորով»: Հավելեց. «Ինձ հավատացեք, գելափներին՝ ոչ։ Կիրառեք էքստրաբոլացիայի մեթոդը եւ կտեսնեք մեր դինամիկական աճը: Մեր հեղինակությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ թվաբանականով՝ կմտնենք ԱԺ, կտեսնեք: Մի կախվեք թվերից, դրանք երբեք ճիշտ չեն եղել, հետազոտողներից ոչ մեկը ճշգրիտ կանխատեսումներ չի արել, ինչո՞ւ հիմա պետք է անեն»։

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Մեկ այլ հարցի`ինչո՞ւ որոշեցին մասնակցել առաջիկա ընտրություններին, Լեւոն Շիրինյանը պատասխանեց. «Եթե քաղաքագետը չմասնակցի ընտրություններին, ապա`ո՞վ»:

Կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մարիամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ քարոզարշավի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակից. ամսի 26-ին՝ Հանրապետության հրապարակից, կմեկնեն հոգեւոր մայրաքաղաք`Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում օրհնություն կստանան եւ «առաքյալների նման մանանեխի հատիկները կտարածեն» ժողովրդի մեջ։

Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 84 թեկնածուներից: Քարոզարշավի 12 օրերի ընթացքում նրանք կլինեն հանրապետության բոլոր մարզերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930