Այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ասաց, որ «Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչը նշանակում է, որ պլան է եղել սեփականաշնորհել «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» եւ «Սասունցի Դավիթ» ավտոկայանները, ինչը կանխվել է: Նախարարն ասուլիս էր հրավիրել՝ գործունեության արդյունքները ներկայացնելու: Նրա խոսքով, «Հայավտոկայան»-ի մասնավորեցումն անթույլատրելի է ու անընդունելի: Հակոբ Արշակյանի խոսքով, այդպիսի մասնավորեցումները, սովորաբար, սննկացնելու եւ սեփականաշնորհելու պրակտիկայով է կատարվել: Այս գործի առնչությամբ, ըստ նախարարի, իրավական գործընթացներ են սկսվել:
Նախարարը նաեւ ասաց, որ երթուղային ցանցում լիցենզիաներից զրկվողներ են լինելու, քանի որ նկատողություններից չեն սթափվում եւ չեն փոխվում:
Անդրադառնալով ավտոմեքենաների տեխզնման գործընթացին` Հակոբ Արշակյանն ասաց, որ այսուհետ ձեւական կտրոնների ձեւը նույնպես վերանալու է, եւ մեքենաները պատշաճ տեխզննություն կանցնեն:
Ըստ նախարարի, սկզբնական շրջանում ոչ ամբողջական պահանջներով համապատասխան կստիպեն կիրառել, բայց ղեկային եւ արգելակման հարցին առնչվելիս զիջումներ չեն լինելու»:
Թե ինչո՞ւ է գործունեության ամփոփումը նախարարը ամենաթանկ հյուրանոցներից մեկում կազմակերպել հարցին, պարոն Արշակյանն ի պատասխան ասաց, որ այստեղ հնարավոր է եղել ներկայացնել իր «հետաքրքիր պրեզենտացիան», որի համար վճարել է 80 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ