Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից, որը ներկայացնում էր հանձնաժողովի գործունեության տարեկան հաշվետվությունը, հետաքրքրվեցին, թե տնտեսվարողների թվի աճը, մեծածախ գների նվազումն ի՞նչ ազդեցություն են ունեցել սպառողական գների վրա:
ՏՄՊՊՀ ղեկավարն ի պատասխան ասաց, որ հանձնաժողովը գների կարգավորում եւ վերահսկողություն չի իրականացնում եւ իրենց գործը միայն բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին է առնչվում, որտեղ գերիշխող դիրք ունեցողներ կան. «Գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, հետեւաբար, մրցակցային գործոնը կարող է այդ գործոններից ընդամենը մեկը լինել: Շաքարավազի, բանանի գներն էականորեն շուկաներում նվազել են, շաքարավազը՝շուրջ 20 տոկոսով, բանանը՝ 35 տոկոսով: Մնացած ապրանքների գծով կան որոշակի փոփոխություններ, տատանումներ, բարձրացումներ, բայց էական փոփոխություններ չկան»:
Արտակ Շաբոյանի ներկայացմամբ, անցնող տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ավելի քան 202 խնդրահարույց գործ, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: «Դեպքեր են լինում, երբ տնտեսվարողները կարագի մրցույթ են շահում, բայց սպրեդ են մատակարարում, վնաս են հասցնում ոչ միայն սպառողների շահերին, այլ նաև անբարեխիղճ մրցակցություն են առաջացնում»,-ասաց Շաբոյանը: Ըստ նրա, դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում, մատակարարվող ապրանքը սփրեդ է, ոչ թե կարագ է՝ ինչպես որ նախատեսված էր մրցութային պայմաններով:
Շաբոյանի խոսքով, 93 խախտումներով մրցույթ է բացահայտվել: ՏՄՊՊՀ ղեկավարի ներկայացմամբ, գնումների ոլորտում տեղի ունեցած խախտումներն առնչվում են այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ