Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյան. Ավելացել է տնտեսվարողների, ներկրողների թիվը, «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը պակասել է

Նոյեմբեր 24,2018 14:44

«Մեր երկիրը տնտեսական մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է արձանագրել»,-այսօր հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ հրավիրած ասուլիսում: Պարոն Շաբոյանը ներկայացրեց տարեկան գործունեության հաշվետվությունը: Ըստ նրա,  Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018  թ.-ին մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով եւ ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն:

Արտակ Շաբոյանի խոսքով` այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ Հայաստանը առաջ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների  համեմատությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներից։

«Եթե նախկինում կարագի շուկայում գործել է թվով 24 տնտեսվարող, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների  մասնաբաժինն այս դեպքում եւս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5%, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան»,-ասաց ՏՄՊՊՀ ղեկավարը՝ նշելով, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են սոցիալական նշանակության ապրանքները: Նրա խոսքով, այս մասով մրցակցային միջավայրը բարելավվել է, ավելացել է  տնտեսվարողների, ներկրողների թիվը, նվազել է «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը. «Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ հասնելով 78%-ի: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից՝ հասնելով 56%-ի»:
ՏՄՊՊՀ ղեկավարի խոսքով, Հայաստանում տնտեսվարողների քանակը սկսել է ավելանալ 2015 թվականից սկսած, ինչը , հիմնականում, պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորում իր պաշտոնավարման շարունակությունը նոր  իշխանությունների օրոք էլ,  Արտակ Շաբոյանն ի պատասխան ասաց. «Ես նույն ոգով, նույն եռանդով շարունակում եմ աշխատել, մեր կառույցը քաղաքական գործընթացների հետ չի առնչվում եւ բարեխղճորեն շարունակում ենք աշխատել: Իմ պաշտոնավորման հետ կապված որեւէ արտառոց երեւույթ չկա, ես ավելի քան 20 տարի պետական կառավարման համակարգում եմ աշխատում»:  Նրա խոսքով. «Ես երբեք պաշտոնից կառչած չեմ եղել, համաձայն օրենսդրության՝ վարչապետը կարող է նոր թեկնածու ներկայացնել, եւ նա ցանկացած պահի կարող է դա անել: Նորմալ մարդու համար պաշտոնը մեծ բեռ եւ պատասխանատվություն է ներկայացնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930