Նոյեմբերի 23-ի գիշերը, րոպեների տարբերությամբ, հիվանդանոցներից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր ստացվեցին: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում և կտրած-ծակած վերքերով, չորս երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել:
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև քննչական մարմինների հետ փոխգործակցության արդյունքում, դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Ըստ նախնական տվյալների իրավապահները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Քանաքեռի 6-րդ փողոցում մի խումբ երիտասարդների միջև ծագած վիճաբանության ժամանակ, Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչ Սահակ Կ-ն իր մոտ եղած փայտե մահակով հարվածել և մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ է հասցրել Սմբատ Պ-ին ու նրա երկու ընկերներին, որից հետո Սմբատ Պ-ն խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Սահակ Կ-ին ու նրա եղբորը:
Նույն օրը տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սմբատ Պ-ն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ փայտե մահակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն