ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նոր Նորք վարչական շրջանից այսօր ընթանում է համաերեւանյան երթը: Մեկնարկին Փաշինյանին մոտեցավ քաղաքացիներից մեկը՝ ձեռքերում երկու աղավնի: Թռչուններից մեկին տղամարդը տվեց Փաշինյանին, ապա իրար հետ նրանց բաց թողեցին երկինք: Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ երկուշաբթի սկսվում է դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
«Երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է, եւ դրանով կարող ենք ասել, որ «Իմ քայլը» շարժման հարթակն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Մենք խոստացել էինք, որ եթե դուք արտահայտեք ձեր կամքն առ այն, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա փոփոխություն, մենք կլինենք դրա երաշխավորը: Պարտավորությունը լիարժեք կատարված է»:
Վարչապետի ԺՊ-ի բնորոշմամբ՝ իրենք խոստացել էին, որ արմատախիլ կանեն ընտրակաշառք բաժանելու եւ մարդկանց ճնշելու գործընթացը. «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ այդ պարտավորությունը կատարված է: Բացի այդ, այսօր ՀՀ ոչ մի շուկայում չկա մուտքի խոչընդոտ, մենաշնորհ: Քաղաքական եւ իրավական արգելքներ չկան: Խոստացել էինք նաեւ, որ անզիջում պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, եւ այդ պարտավորությունը եւս կատարված է: Ողջ ծավալով ընթանում է պայքար կոռուպցիայի դեմ: Ձեր մանդատը ստանալու պարագայում մեր կառավարությունն այդ գործընթացն անպայման կշարունակի»: Փաշինյանը նաեւ վստահեցրեց, որ այսուհետ բոլորն օրենքի առաջ հավասար են. «ՀՀ-ում այլեւս չկան եւ չեն լինելու արտոնյալներ»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները:
https://www.facebook.com/aravot.am/videos/574394896318912/
https://www.facebook.com/aravot.am/videos/459874137749836/
https://www.facebook.com/aravot.am/videos/2129551857094637/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ