Հանրապետականի հնաբնակ Սամվել Նիկոյանը, թեեւ անձամբ չի մասնակցում առաջիկա արտահերթ ընտրություններին, բայց իր խոսքով՝ հարցազրույցներով, դիտարկումներով եւ գնահատականներով օգնում է կուսակցությանը՝ բացատրելու ժողովրդին, թե ինչու պետք է քվեարկել ՀՀԿ-ի օգտին։
Կարգախոսը, որով հանրապետականները հանդես կգան այս ընտրություններում՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», ըստ նրա՝ խոսում է իր փոխարեն։
-Բազմիցս ես եւ իմ գործընկերները հայտնել ենք մեր մտահոգությունները իշխանափոխությունից հետո Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ։ Եվ, այո, մեր քաղաքական հենարանն այլեւս Հայաստանի մտահոգ քաղաքացին է՝ մեր ընտրազանգվածը որակական փոփոխություն է կրել։
Մենք ակնկալում ենք ոչ միայն մեր համակիրների, այլեւ այն մարդկանց ձայները, որոնք նախկինում մեր օգտին չեն քվեարկել՝ նրանց, ովքեր մտահոգված են անցած 6 ամիսներին արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած բացասական զարգացումներով, ակնհայտ ձախողումներով, որոնց հետեւանքները հետագայում անպայման զգալու ենք մեզ վրա։
Շատ լուրջ մտահոգություններ ունենք Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի հետ կապված, երբ արդեն շրջանառության է դրվել «տարածքներ խաղաղության դիմաց» անհեթեթ կարգախոսը, որ գոնե վերջին 20 տարիներին երբեք քննարկման առարկա չի եղել։
Մեր պոտենցիալ ընտրողները Հայաստանի մտահոգ քաղաքացիներն են, որոնք տեսնում են, որ տնտեսությունը ոչ միայն չի զարգանում, այլեւ անկում է ապրում։ Ներդրումների ծավալը կտրուկ նվազել է՝ շատ բնական եւ հասկանալի պատճառներով. որովհետեւ երկրում շատ անկայուն իրավիճակ է, շարունակվում է «հեղափոխական իրավիճակը», որտեղ չեն գործում սահմանադրական շատ եւ շատ նորմեր, իշխանությունների տարանջատման սկզբունքը մոռացված է, կա ակնհայտ ճնշում դատարանների վրա, բացասական մթնոլորտ է ստեղծվում գործարարների շուրջ՝ հանրությանը տրամադրում են ոչ յուրային գործարարների դեմ։ Նման պայմաններում չեն կարող ներդրումներ լինել, չի կարող լինել տնտեսական աճ։
Այս ամենը չի կարող չմտահոգել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունակ են ինքնուրույն մտածել, ոչ թե դարձել են ամբոխավարական հեղափոխական կարգախոսների գերին ու չեն կարողանում դրանից դուրս գալ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում