Կոնկրետ քարոզչական պաստառների՝ գովազդային վահանակներին հայտնվելու պահը առիթ տվեց, որ աչքի անցկացնենք Ընտրական օրենսգիրքը: Արտաքուստ կամ զուտ ձեւական առումով կարծես թե խախտում չկա: Համենայն դեպս Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության շրջանի վերաբերյալ հատվածում կա մի սողանցք-ձեւակերպում, որն էլ թույլ է տալիս, այսպես ասած, «պլստալ»:
Խոսքը կոնկրետ ԸՕ 19-րդ հոդվածի 1-ին կետի հետեւյալ կետի մասին է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
Դրա տակ, իբր, «մտնում է» նաեւ երեկ սոցցանցերում հիմնական քարոզչապաստառային նյութերի վաղաժամ տարածումը: Եվ ԿԸՀ-ից էլ մեզ պատասխանեցին, որ այդ գովազդավահանակային դրսեւորումն օրենքի խախտում չի դիտվում՝ վկայակոչելով հենց քիչ առաջ օրենսգրքից մեջբերված ձեւակերպումը:
Հարկավ, եթե մրցակից ուժերը համարում են, որ իրավական տեսանկյունից խնդիր կա, կարող են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը եւ արդեն օրենքով սահմանված կարգով դրան ընթացք տալ, մասնավորապես պաշտոնական պարզաբանման համար դիմել ԿԸՀ եւ այլն:
Բայց մեզ այլ հարց հետաքրքրեց, ու ոչ թե իրավական, այլ բարոյական։ Գուցե վաղաժամ այդ քարոզչապաստառումը օրենքի խախտում չէ, բայց ավելի վատ է: Այնքան վատ, քան եթե օրենքի խախտում լիներ: Ինչո՞ւ:
Ո՞վ եւ ո՞ր ուժն է նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ ընկած, այսպես ասենք՝ շտապում գովազդային վահանակները «գրավել»: Ճի՛շտ է, առաջին շտապողը Փաշինյանն ու իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է:
Իսկ այժմ եկեք թեթեւակի վերհիշենք, թե ընդամենը մեկուկես տարի առաջ ինչպիսի՜ աղմուկ էին բարձրացնում նույն Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավորած ՔՊ ներկայացուցիչները, նրա հետ սերտորեն համագործակցող ամեն տեսակ սորոսական-գրանտային «իրավապաշտպանները»:
Պարզապես այն ժամանակ ՀՀԿ-ի քարոզչական պաստառներն էին քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ հայտնվել գովազդային վահանակներին: Ու հենց դրա համար էլ հիշյալ անձինք ու շրջանակները, Փաշինյանն էլ, բնականաբար, իրենց հետ կամ կողքը, աղմկում էին, թե՝ հասե՜ք, խայտառակությո՜ւն է, օրենքը ոտնահարո՜ւմ են…Ու այդ շարունակական աղմուկի պատճառով է նաեւ, որ երբ երեկ արդեն աղաղակողների կամ նրանց մի մասի քարոզչանյութերը մի քանի օր առաջ ընկած տարածվեցին, շատերը միանգամից դա մատնանշեցին որպես խախտում: Մինչդեռ օրենքում, պարզվում է, սողանցք կա, որ առաջ էլ կար, իհարկե: Ու նրանք էլ դա գիտեին կամ կարող էին իմանալ: Բայց: Այստեղ բոլորովին այլ խախտում կա: Բարոյական պահվածքի խախտում:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը քաղաքական Օլիմպ բարձրացավ շարունակ արդարության, օրինականության, մրցակցության ընդհանուր կանոնների ու նմանօրինակ այլ վսեմ ու արժեքավոր բաների մասին ճառերով եւ կոչերով:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում