Մարդիկ ստեղծել են «խորհրդարան» կոչվող պետական ինստիտուտը՝ ելնելով այն «կանխավարկածից», որ, ասենք, 100 հոգի, հավաքվելով եւ վիճելով, ավելի իմաստուն որոշում կկայացնեն, քան մեկ անհատը: Ես, ճիշտն ասած, որոշակի վերապահումով եմ վերաբերվում այդ ենթադրությանը, որովհետեւ հիշյալ 100 հոգին կարող են իրար վարակել ոչ միայն իմաստությամբ, այլեւ հիմարությամբ: Բացի այդ, պատմությունից, թեկուզ նաեւ կենցաղային օրինակներից հայտնի է, որ 100 հոգու շահերի համադրումից միշտ չէ, որ խելամիտ բան է ստացվում:
Ոչ անհատն է կատարյալ ու անսխալական, ոչ էլ 100 հոգանոց խումբը, ու մեծ հաշվով պառլամենտի իմաստն այն է, որ մեկ մարդու խելացի կամ ցնորամիտ որոշումները զսպվեն ու հակակշռվեն մի քանի տասնյակ մարդու որոշումներով, որոնց որակը նույնպես երաշխավորված չէ: Համակարգը չի ապահովագրում ձախողումներից եւ անգամ աղետներից, բայց, ինչպես ասում են, ավելի լավ բան մարդկությունն առայժմ չի հայտնագործել:
Կառավարումը խորհրդարանական է, թե նախագահական՝ այստեղ բացարձակապես նշանակություն չունի: Անհատի եւ պառլամենտի փոխզսպումը գործում է թե՛ խորհրդարանական համակարգով կառավարվող Գերմանիայում, թե՛ սահմանադրական միապետություն հանդիսացող Բրիտանիայում, թե՛ «նախագահական» Միացյալ Նահանգներում: Իսկ, օրինակ, Ֆրանսիայում այդ առումով խնդիրներ են առաջանում. եթե նախագահի վարկանիշը 70 տոկոս է, երկիրը կայուն է, իսկ եթե դառնում է 20 տոկոս, առաջանում են մեծուփոքր ցնցումներ: Խարիզմատիկ գեներալ դը Գոլի «հագով կարած» Սահմանադրությունը դժվարություններ է ստեղծում Օլանդի կամ Մակրոնի նման ոչ խարիզմատիկ գործիչների համար:
Անհատի եւ խորհրդարանի հակակշիռներ Հայաստանում չեն գործում: Այն պահից, երբ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ, այսինքն՝ արդեն 27 տարի մեր երկրում ամեն ինչ որոշվում է մեկ մարդու կողմից: Այդ մարդկանց ազգանունները բոլորին հայտնի են, եւ խնդիրն այստեղ ամենեւին ազգանունների մեջ չէ. եթե որոշումներ ընդունող անհատն օժտված է բացարձակ իշխանությամբ, եթե չկան նրա գործունեությունը զսպող մեխանիզմներ, ապա, ինչպիսի հրաշալի անձնավորություն էլ նա լինի, երկրի կայունությունը մշտապես վտանգի տակ է:
Պառլամենտն այս պարագայում խաղում է եւ, ցավոք, ենթադրում եմ, դեռ կխաղա զուտ դեկորատիվ դեր: Դրա վառ ապացույցն այն է, որ հեղաշրջման (1997) կամ հեղափոխության (2018) ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը վազում է ուժեղի հետեւից եւ նրան հավատարմության երդում է տալիս: Պատգամավորները հասկանում են, որ փոխվել է այն միակ մարդը, որը Հայաստանում որոշում է ընդունում ու, բնականաբար, նրա հովանավորության կարիքն են զգում: Որեւէ բան զսպելու կամ հակակշռելու ցանկություն նրանք չունեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աշխարհի բազմաթիւ ու մեծաթիւ ժողովրդավարական երկիրներու մէջ, ուր Պետութիւնը հիմնուած է խորհրդարանական համակարգի վրայ, բացի շատ բացառիկ եւ հազուադէպ առիթներէ, ամէն մէկ կուսակցութեան պատկանող բոլոր երեսփոխանները՝ միասին, միասնաբար եւ մէկ անձի պէս կը քուէարկեն: «Կուսակցական գիծ» կը կոչուի այդ:
Հետեւաբար, խորհրդարանի անդամները չէ որ կրնան հաւասարակշռել խորհրդարանի ժողովրդավարական մակարդակը, այլ այդտեղ մեծամասնութիւն կազմող կուսակցութեան անդամները, այդ իշխող կուսակցութեան ներքին վիճակն ու կացութիւնը:
Երբ որ կուսակցութիւն մը տիրացած է խորհրդարանի աթոռներու բացարձակ մեծամասնութեան, նաեւ կառավարութիւնը կը բաղկանայ այդ նոյն կուսակցութեան անդամներէն: Հետեւաբար, վերոնշեալ պարզաբանումը կը վերաբերի ոչ միայն խորհրդարանի ժողովրդավարական մակարդակին, այլ նաեւ պետութեան գործադիր մարմնի այդ մակարդակին:
Իսկ քանի որ Հայաստանի մէջ արդէն դատական իշխանութիւն չկայ, եթէ նպատակը իսկապէս ժողովրդավարութեան մակարդակը բարձրացնելն էր այդտեղ, անցած ութը ամիսները եւ յառաջիկայ ընտրութիւնները ժամանակի եւ ուժերու մսխում կը հանդիսանան: Ինը ամիս յետոյ, նորէն վիժուկ պետութիւն մըն է որ դուրս պիտի գայ այս ամէն պոռչտուքէն:
Կը մնայ սակայն յուսալ որ երկրի նոր գերագոյն ղեկավարը լաւ բաներ կ’իրագործէ, եւ «ժողովուրդ»ն ալ շատ հապճեպ ու արագօրէն ատելութեամբ չի լեցուիր, այս անգամ ալ անոր հանդէպ:
Ազգային միասնութիւն կը գոյանայ միայն երբ որ լայնածաւալ պատերազմ բռնկի նորէն:
Քաղաքացուն պետք է փոքր տարիքից դաստիարակել, ինչպե՞ս էր խորհրդային ժամանակներում՝ առաջին դասարանում ստացած աստղից, հետո կարմիր վզկապ մինչեւ կուսակցության թեկնածու ու կուսակցական: Նունն էլ հիմա պետք է լինի, միայն կուսակցականի փոխարեն պետք է լինի քաղաքացին, տասնչորս տարեկանում պետք է տալ երիտասարդ քաղաքացու կոչում, իսկ բանակ ծառայելուց հետո լիիրավ քաղաքացու կոչում: Միայն լիիրավ քաղաքացին, ով գիտի պատասխանատվությունն ինչ բան է, իրավունք կունենա ընտրելու: