ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի մեկնաբանությունները:
«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ սպասվող զարգացումներին, այս առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկների՝ սեղանին դրվելու հավանականությանը վերաբերող հարցերին:
– Շուտով որոշվելու է՝ Հայաստանը կպահի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, թե՞ ոչ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում այս հարցում:
– Կարծում եմ, որ Հայաստանը դեռ չի սպառել այս հարցում իր համար ցանկալի արդյունքի հասնելու բոլոր հնարավորությունները: Բոլոր դեպքերում հարկավոր է մինչև վերջ պայքարել: Ենթադրվում է, որ մինչև դեկտեմբերի վեցը ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է համաձայնեցնեն կազմակերպության կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունները, և հենց դրանց հիման վրա էլ պետք է կանոնակարգվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման և հետկանչի ընթացակարգը: Այսինքն՝ պետք է տեղի ունենան կանոնադրական փոփոխություններ, և տվյալ դեպքում հայկական կողմը կարող է դիտարկել գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի չնշանակվելն այն դեպքում, եթե, օրինակ, կանոնադրության մեջ արտացոլվի նաև մեր պահանջը, ըստ որի՝ անդամ պետություններին կարգելվի ռազմական նշանակության որևէ ապրանքի վաճառքը կամ անվճար տրամադրումը կազմակերպության անդամներից մեկի հանդեպ ուժ կամ ուժի սպառնալիք կիրառող ցանկացած պետության: Հայկական կողմը կարող է նաև նման կարգի մի շարք այլ առաջարկներով հանդես գալ: Ցանկության դեպքում կարելի է ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտները քաղել և դա անել այնպես, որ այլ անդամ պետություններն իրենց նսեմացված կամ պարտված չզգան:
– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է պայքարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը պահելու համար, ինչպես նաև նրա խիստ հայտարարությունները և համապատասխան արձագանքը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից՝ մասնավորապես Բելառուսի:
– Վարչապետ Փաշինյանի կողմից այս հարցում դրսևորած հաստատակամությունը դրական եմ գնահատում, իսկ ինչ վերաբերում է հայ-բելառուսական բանավիճային «փոխհրաձգությանը», ապա պարոն Լուկաշենկոն, թերևս, սխալվել է. նման գործընթացի մեջ ներքաշվելով՝ չի հաշվարկել, թե զուտ իմիջային, ու ոչ միայն, ինչպիսի կորուստներ կարող է դրա պատճառով ունենալ:
– Ի վերջո, Հայաստանի համար ի՞նչ կարժենա այն, որ նա կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ կարծիք կա, որ դա առանձնապես էական չէ, քանի որ ի վերջո գլխավոր քարտուղարը չէ որոշողը, և ընդհանրապես ՀԱՊԿ-ին մեր անդամակցության հարցն է հարցական, քանի որ մի տեսակ Նիկոլ Փաշինյանը բռնակալների խմբում հայտնվել է սպիտակ ագռավի կարգավիճակում:
– Կորցնելով ՀԱՊԿ գործադիր մարմնի ղեկավարի տեղը՝ Հայաստանը չի կարողանա համապատասխանաբար ներազդել դրա ընթացիկ աշխատանքների, տարատեսակ նախագծերի և որոշումների ընդունման ընթացքի վրա՝ դրանց նախապատրաստման փուլում, լիարժեքորեն վերահսկել նաև տեղեկատվական տարատեսակ հոսքերը: Այդուհանդերձ, ինչպես վերևում նշեցի, նման կորուստը հնարավոր է փոխհատուցել համարժեք ձեռքբերումների միջոցով, բայց այդ ուղղությամբ աշխատել է պետք:
– ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի շուրջ խոսակցությունները կարծես մի տեսակ ստվերել են Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների վերաբերյալ քննարկումները: Ինչպե՞ս կգնահատեք հակամարտության կարգավորման ընթացքի՝ այս փուլը, ՀՀ-Ադրբեջան օպերատիվ կապի արդյունավետությունը:
– Առայժմ հայ-ադրբեջանական ընթացիկ հարաբերություններում գնահատման ենթակա նյութը տեսանելի չէ անգամ: Դժվար թե մինչև հաջորդ տարվա սկզբներն այս տեսանկյունից ուշադրության արժանի որևէ նորություն լինի: Չգիտեմ, թե որքանով արդյունավետորեն է նախապատրաստվում հայաստանյան իշխանական համակարգն արդեն հետընտրական շրջանում բանակցային ոլորտում սպասվող զարգացումներին, բայց եթե մեր պաշտոնատարներն իրոք նոր, արդյունավետ գաղափարներ չունեն, ապա լրջագույն խնդիրների առջև ենք կանգնելու բոլորս:
– Հնարավո՞ր է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հակամարտության կարգավորման նոր առաջարկներ դրվեն սեղանին:
– Դրա հնարավորությունը չեմ բացառում, բայց ընդգծեմ, որ մեր շահերը լիարժեք ապահովող նախաձեռնություններով միայն ինքներս կարող ենք հանդես գալ: Ուստի եթե մեր բանակցողները վերստին պետք է մնան այլոց կողմից նախապատրաստած առաջարկների հույսին, ապա կանխավ կձախողեն գործը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» , 23.11.2018