Ոչնչացվել է ՀՀ ոստիկանության պահպանությանը հանձնված իրեղեն ապացույցը
Սուրեն Սամվելի Ջեյրանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով և 333-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման մեջ։ Քրեական գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և Սուրեն Ջեյրանյանը 15 ամսից ավելի գտնվում է կալանքի տակ, այն դեպքում, երբ քրեական գործը քննվել է աչքաչափով, մեղադրանքն անհիմն և ապօրինի է, Սուրեն Ջեյրանյանը դեպքի պահին մեքենան չի վարել, այն իրականում վարել է այն անձը, ով հանդես է գալիս սույն գործով որպես ուղևոր և գտնվում է տուժողի կարգավիճակում: Ս. Ջեյրանյանը նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, գիտությունների թեկնածու է, երիտասարդ է, բնութագրվում է դրական։ 03.07.2018թ.-ին դատավոր Մնոյանի ինքնաբացարկից հետո մինչև 03.09.2018թ.-ը կալանքի տակ է պահվել առանց որևէ իրավական հիմքի՝ չունենալով դատական բողոքարկման որևէ հնարավորություն։
Հասարակության լայն շերտերին միգուցե ոչինչ չեն հուշի վերը նշված փաստական տվյալները, մինչդեռ իրավաբանների մոտ անմիջապես հարց է ծագում, թե ինչպես կարող է միջին ծանրության մեղքի՝ անզգույշ ձևով կատարված, և ոչ մեծ ծանրության հանցագործությունների մեղադրանքով անձը գտնվել կալանքի տակ այդքան ժամանակ։
Ոմանք կարող են մտածել, որ Սուրեն Ջեյրանյանին կալանքի տակ պահելու բավականին լուրջ հիմքեր կան, քանի որ այլ կերպ նրան հնարավոր չէ կալանքի տակ պահել։ Առավել ևս, երկրում կատարված հեղափոխությունից հետո բավականին դրական տեղաշարժ է արձանագրվել կալանավորումների կիրառման պրակտիկայում, դատարանները սկսել են ճիշտ և ռեալ կիրառել օրենքները։
Բայց արի ու տես, որ Սուրեն Ջեյրանյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք գոյություն չունի և դատարանի 03.09.2018թ.-ի որոշմամբ արձանագրված հիմքերը բավարար չեն անգամ Սուրեն Ջեյրանյանի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու համար, իսկ դատարանը հրաժարվում է նրան անգամ 10 միլիոն ՀՀ դրամ գրավով ազատ արձակել կալանքից։ Ի դեպ, խնդրում եմ նկատել, որ մեղադրող դատախազը չի առարկել գրավի կիրառմամբ ամբաստանյալին կալանքից ազատելու միջնորդության դեմ։
Դատարանի որոշման մեջ նշված հիմքերն անգամ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք կարող են ընդամենը ծիծաղ առաջացնել, իսկ սույն հոդվածը միտված չէ հասարակության մեջ դրական զգացողություններ առաջացնելու։
Ընդամենը պետք է համեմատություններ անցկացնել հեղափոխությունից հետո դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հանրահայտ գործերի և սույն գործի միջև ու հանրությունն իսկույն կհասկանա, որ սույն գործով ինչ-որ մի բան այն չէ, կա ինչ-որ մի ուժ, որն ապօրինի կերպով ճնշում է դատարանին և պարտադրում շարունակել վարույթն իրականացնող մարմնի սկսած ապօրինությունը՝ Սուրեն Ջեյրանյանին կալանքի տակ պահելը և անհիմն մեղադրելը։
Այսպես՝ 2018 թվականի մայիս ամսից մինչ օրս մի քանի տասնյակ քրեական գործերով, այդ թվում մեծ հասարակական հնչեղություն ունեցող, նախաքննության և դատաքննության փուլերում, կալանքից ազատվել են մեղադրյալներ և ամբաստանյալներ, ովքեր մեղադրվել են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կատարման մեջ։
Միանշանակ կերպով կարելի է պնդել, որ Սուրեն Ջեյրանյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար, նրան կալանքի տակ պահելով պատժում են ինչ-որ արարքի համար և այս ամենը տեղի է ունենում արդարադատության նախարարության, բարձրագույն դատական խորհրդի և այլ պետական մարմինների աչքի առջև։ Բազմաթիվ բողոքներին տրվում են ստանդարտ պատասխաններ, թե՝ դատարանն անկախ է և չենք կարող միջամտել։
Վերաքննիչ քրեական դատարանն էլ իր հերթին վարույթ չի ընդունում Ս. Ջեյրանյանի գործով ներկայացված ոչ մի բողոք։ Արդյունքում՝ Սուրեն Ջեյրանյանը անժամկետ, անհիմն և ապօրինի կերպով պահվում է կալանքի տակ։
Ի դեպ, գործում առկա են նաև նախաքննության ընթացքում թույլ տված Քրեական օրենսգրքի մի շարք խախտումներ, նաև ոչնչացվել է ՀՀ ոստիկանության պատասխանատու պահպանության հանձնված իրեղեն ապացույցը, ինչի վերաբերյալ պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել քրեական գործ հարուցելու համար, սակայն արդեն երրորդ ամիսն է, ինչ դատարանը այդ փաստով գործ չի հարուցում: Նույն կերպ արդեն երեք ամիս է, ինչ դատարանը որոշում չի կայացնում դատակոչել միակ վկային, որը տեսել է և նույնիսկ առերես պնդել, որ ղեկին Ջեյրանյանը չի եղել: Հարկ ենք համարում նշել, որ տարօրինակ ձևով դատակոչի ցանկում քննիչների կողմից ընդգրկվել են գրեթե բոլոր հարցաքննված անձինք, որոնք դեպքի ականատես չեն հանդիսացել, սակայն միակ վկան՝ ոչ:
«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 06.11.2018թ.-ին։ Այն իրականում աննախադեպ է, քանի որ ՀՀ պատմության մեջ նման լայնածավալ և մարդասիրական համաներման ակտ չի եղել։ Բայց արի ու տես, որ դատավոր Ա. Թադևոսյանը չի ընկալում իրավական ակտի պահանջները կամ ձևացնում է, թե չի ընկալում, ամեն դեպքում անում է այն, ինչ որ կամենում է։ Դատավորը անտեսել է, որ համաներման ակտի ընդունմամբ Ջեյրանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր են առաջացել և Ջեյրանյանը չի կարող պահվել կալանքի տակ, ու ամբաստանյալին ապօրինի կերպով պահում է կալանքի տակ, դրանով ամբաստանյալին ապացուցում է, որ նա սխալ է վարվել, երբ համարձակվել է չընդունել առաջադրված մեղադրանքը և ինքնաբացարկ հայտնել ի սկզբանե կանխակալ կարծիք ունեցող դատավորին՝ Ս. Մնոյանին։
Վաղուց առաջացել է շատ կարևոր մի հարց, երբ պետք է անօրեն դատավորները պատասխանատվության ենթարկվեն իրենց ապօրինի գործողությունների և որոշումների համար, երբ պետք է վերանա դատավորների անպատժելիությունը և երբ պետք է Հայաստանի Հանրապետության անունից դատական ակտ կայացնող դատական համակարգը բարեփոխվի և համապատասխանի այսօրվա, նոր Հայաստանի պահանջներին։
Սեփ. լր.
«Առավոտ» , 23.11.2018