Բարձրաստիճան օպերների գործով
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին նյութապես ապահովելու խոստումներ տալու եղանակով ոստիկանության բաժնի պետն ու նրա օպերատիվ գծով տեղակալը «դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց», հետագայում այն «իբրև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերելու, իբր բացահայտում արձանագրելու նպատակով»: Տասնմեկհատորանոց գործի մեղադրանքի համաձայն, պայմանավորվածության համաձայն, բարձրաստիճան օպերները ձևակերպել էին. «Սևադա Հայրապետյանը թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Մարտունու բաժին և «հրավիրված մոլորության մեջ գտնվող ընթերակաների» ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը», կազմվել էր համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել «բացահայտված» հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին: «Նյութերն» ուղարկվել էր Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, Սևադա Հայրապետյանին էլ մեղադրանք է առաջադրվել հանցանք կատարելու համար, քրեական գործն ուղարկվել էր դատարան:
Ոստիկանության փոխգնդապետ, Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանի եւ օպերատիվ գծով նախկին տեղակալ Վարդան Ներսիսյանի գործով այսօր կշարունակվի վերաքննիչ բողոքի քննությունը: Տասից ավելի նիստ է մինչ օրս տեղի ունեցել:
Մարզի դատարանը Վահան Մարգարյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել է փորձաշրջան` նույնչափ ժամկետով: Իսկ Վարդան Ներսիսյանի նկատմամբ, որը դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվի և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով: Ամբաստանյալների նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ի դեպ, թատերականացված «բացահայտման» արդյունքում մարդը դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ էության, երկուսի պատճառով Սևադա Հայրապետյանը փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկում:
Ըստ դատարանի գնահատման, Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի գործողությունների արդյունքում խախտվել է տուժողի ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք:
Բողոքաբեր մեղադրողը պահանջում է մասնակի բեկանել և փոփոխել մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վահան Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, ազատազրկել 3 տարի ժամկետով, իսկ Վարդան Ներսիսյանին նույն հոդվածով դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը պահանջում է ճանաչել իրենց անմեղությունը՝ քրհետապնդումը վաղեմության հիմքով դադարեցնելու վճռի հիմքով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Դատապարտյալին ոստիկանության օպերները ճանաչել են նախկին դատվածության հետ կապված: Նախաքննության ժամանակ ամբաստանվողը հարց է տվել Հայրապետյանին. «Եթե հիմա ինքն է սարքել նրա գլխին, ապա 2010 թվականին ո՞վ է սարքել», ինչին Հայրապետյանը պատասխանել է, «թե ինչպես և ով է թմրանյութի գործով 2010 թվականին սարքել իր գլխին»: Մի ոչ այն է զվարճալի, ոչ այն է մտահոգիչ ցուցմունք կա, ընթերականերից մեկը, երբ փորձում է չստորագրել արձանագրության տակ, «Սևադա Հայրապետյանը համոզել է այդ մարդուն, որպեսզի կազմված արձանագրության տակ ստորագրի, ասելով, որ ստորագրելով իրեն լավություն է անում, եթե չստորագրի, հնարավոր է, որ ավելի մեծ քանակությամբ թմրանյութ գրվի ու ավելի լավ կլինի՝ ստորագրի»:
«Առավոտ» , 23.11.2018