Աշխարհը շարունակում է նշել հայի եւ գերմանացու գեներով լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակը: Հիշեցնենք, որ արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են փետրվարին, Երեւանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ մաեստրոյի ներկայությամբ: Մի քանի անգամ Հայաստան այցելած երաժիշտը «Առավոտին» ասել էր. «Միշտ սիրով եմ վերադառնում Հայաստան, կնոջս հետ ունկնդրում բարձրարվեստ երաժշտություն եւ ինձ զգում ինչպես տանը: Ափսոսում եմ, որ հայերենին չեմ տիրապետում»: Հոբելյանական համերգներին Պենդերեցկու ստեղծագործությունների մեկնաբանմամբ հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, պետական սիմֆոնիկ, կամերային, Ազգային օպերային թատրոնի նվագախմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հրավիրված էին լեհ ճանաչված երաժիշտ մենակատարներ նույնպես: Չորս օպերաների, սիմֆոնիաների, նվագախմբային պիեսների, բազում գործիքային կոնցերտների, հիմնականում կրոնական տեքստերով երգչախմբային ստեղծագործությունների, ինչպես նաեւ կամերային ու գործիքային երկերի հեղինակ Պենդերեցկու մասին դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հաճախ եմ մտածում, որ այսօր դժվար է երաժշտություն գրել, ու չեմ կարծում, որ Մոցարտի պես մեկն էլ կծնվի, քանի որ բոլոր նոտաների հետ կարծես ամեն ինչ արված է: Բայց կա Պենդերեցկին, որը իսկական երաժշտության վրա խաչ չքաշելով՝ հրաշալի երաժշտություն է ստեղծում: Նրա նման երկրորդին չեմ ճանաչում»:
Պենդերեցկի կոմպոզիտորի միջազգային մակարդակով առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959թ., Վարշավայում, կատարվել է նրա Strophen-ը: Այդ նույն տարում նա գրել է Հիրոսիմայի զոհերի հիշատակի պատարագ, որի համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: Պենդերեցկու կարիերայում բեկումնային էր 1966 թվականը. նրա առաջին խոշոր աշխատանքի՝ «Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասի» պրեմիերայից հետո նա համարվեց ամենաականավոր կոմպոզիտորը՝ Ստրավինսկիից հետո:
Բազմաթիվ կոչումներ ու պարգեւներ ունի անվանի երաժիշտը, արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ Թիվ 2 թավջութակի կոնցերտի համար: Ի դեպ, այն կատարել է աշխարհահռչակ Մստիսլավ Ռոստրոպովիչը: Կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան՝ գրված Ֆրանսիայի կառավարության պատվերով, ղեկավարել է մեծանուն Լորին Մաազելը:
Վերջերս Վարշավայում Պենդերեցկու ծննդյան հոբելյանը նշվեց նրա ստեղծագործությունների փառատոնով՝ աշխարհահռչակ երաժիշտների ներկայությամբ: Բավական է նշել հրավիրյալ դիրիժորներից մեկ-երկուսի անունները՝ Քրիստոֆ Էշենբախ, Լեոնարդ Սլատկին, Վալերի Գերգիեւ, Մաքսիմիլիանո Վալդես…
Դիրիժորական աստղաբույլում էին նաեւ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը: Թոփչյանը ղեկավարել է կոմպոզիտորի 5-րդ, Սմբատյանը՝ 2-րդ սիմֆոնիան: Ի դեպ, այս մասին մենք տեղեկացանք արտասահմանյան մամուլից: Սա մեր երաժիշտների մասին հավաստող այնքան խոսուն եւ ծանրակշիռ փաստ է, որ մեկնաբանելու համար նրանց դիմելու կարիք չի զգացվում…
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» , 23.11.2018
Այս հայերը, եթե իրենց ներուժը տրամադրեին հայ ազգային երաժշտությանը, հիմա աշխարհը կխոնարհվեր հայերի առջև ․․․Հաստա՛տ ․․․