Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանին անհրաժեշտ է բազմակուսակցական խորհրդարան

Նոյեմբեր 23,2018 23:20

Նախընտրական քարոզարշավի շեմին` կատարված համակողմանի հայտարարություններին եւ հարցազրույցներին հետեւելով որոշ դիտարկումներ կարելի է արձանագրել հատկապես նոր իրավիճակի հետ առնչված ընտրական նոր մշակույթի կայացման առաջադրանքի լույսի տակ:

Թվում է, որ ընդհանուր ընկալում է գոյացել, որ գործադիր իշխանությունը նաեւ պիտի ունենա կայուն մեծամասնություն օրենսդիր ժողովում: Քաղաքագիտական հասկացողությամբ շրջված գործընթացն է աշխատում: Իբրեւ ընտրությունների արդյունք ձեւավորված խորհրդարանը եւ այնտեղ մեծամասնություն ներկայացնող ուժն է, որը կառավարություն է կազմում եւ հատկապես խորհրդարանական համակարգով կառավարվող հանրապետություններուոմ գործադիրը կունենա խորհրդարանական մեծամասնություն իր ծրագրերը վավերացնելու հարթությունը ստեղծելով: Շրջված իրավիճակը բնականաբար արդյունքն է ժողովրդային հեղափոխությամբ սկսված համակարգային փոփոխության գործընթացի:

Եթե մի կողմից կա որոշակի միտում իշխանությունը քաղաքական մի ուժի վրա բեւեռացնելու, մյուս կողմից նաեւ կա ընդդիմությունը միաբեւեռ կուսակցությամբ մենաշնորհացնելու:

Եթե մի կողմից օգտագործված հռետորաբանությունը հինը մերժելու առանցքի վրա է կենտրոնացել, մյուս կողմից հին համակարգը ներկայացնող գլխավոր ուժը հանրությանն ուզում է ներկայանալ իբրեւ ազգային արժեքների ավանդությունները պահպանող միակ կուսակցությունը: Այս հասկացողությունում ներառվում է եկեղեցու պաշտպանությունը, սեռական փոքրամասնությունների քարոզչության մերժումը, ընդհանրապես արեւմտյան բարքերի երկիր թափանցման դեմ արգելակիչ տարր հանդիսանալու մոտեցումը:

Քաղաքական-հասարակական մակարդակների վրա կարծրատիպային այս թե՛ մոտեցումները եւ թե՛ ընկալումները չեն օգնում, որ նախընտրական քարոզարշավի առանցքները կենտրոնանան գաղափարական ծրագրերի, ազգային խնդիրների եւ սոցիալական հարցերի վրա: Չեն նպաստում նաեւ երկրի զարգացման համար ազատականական եւ ընկերավարական ուղիների ներկայացման եւ ժողովրդի կողմից այս ուղիներից մեկին ընտրելու հնարավորության ներկայացմանը: Եւ այս առումով հավելյալ ժողովրդավարացման համար օգտակար չեն ընտրությունների արդյունքների կանխատեսումների հրապարակումները այս հանգրվանին` երբ չեն ներկայացվել նախընտրական ծրագրերը: Կանխորոշման ազդակը հարիր չէ ժողովրդավար ժամանակակից պետություններին:

Սահմանադրության էությունը խորհրդարանի դեպքում քաջալերում է բազմակուսակցականությունը, հակակշիռ մեխանիզմներ ստեղծելով` համակարգի հավելյալ ժողովրդավարացումը:

Բազմակուսակցականությունը իր հերթին ծրագրերի այլազանություն, գաղափարների տարբերություն, տարեր գաղափարաբանական ուղիներ որդեգրելու երեւույթ է ենթադրում, ինչը մինչ այս պահը բացակայում է երկրի ընտրական մշակույթում:

Նախընտրական քարոզարշավի բովանդակությունը անհրաժեշտ է, որ հիմնված լինի գաղափարի, գաղափարաբանության եւ ծրագրերի վրա: Համապարփակ` ազգայինից, սոցիալ կրթականից մշակութային, ֆինանսականից տնտեսական` երկրի զարգացման համար բոլոր ուղղություններով ծրագրային առաջադրանքներով հագենա: Սա սատարում է ոչ միայն երկրի ընտրական մշակույթին, այլ նաեւ քաղաքացիական հասարակության կայացմանը, որին ընձեռվում է հնարավորություն ընտրություն կատարելու բազմաթիվ գաղափարների եւ ծրագրերի միջեւ:

Երկիրը հնի եւ նորի պարանաձգությունից դուրս բերելու համար, բազմածրագրային քարոզարշավը պետք է հանգի բազմակուսակցական խորհրդարանի ձեւավորման: Իհարկե կգոյանա մեծամասնություն, գուցե նաեւ կայուն մեծամասնություն, այսուհանդերձ մնացյալ քաղաքական ուժերը կունենան ընդդիմության նորացված լիազորություններ, կնպաստեն բազմակարծիք խորհրդարանի քննարկումներին եւ սահմանադրականորեն կունենան ընդլայնված իրավունքներ հակակշիռ գործառույթներ իրականացնելու համար:

Նման խորհրդարանն, անպայման, մեր երկրի համար կապահովի վարկի եւ հեղինակության միջազգային նոր նշաձող:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930