Լրահոս
Օրվա լրահոսը

Շամլուղցիների հարցը շարունակում է մնալ օդից կախված. Մարզպետը` փլուզվող շենքի բնակիչներին. «Միգուցե ստացվի»

Նոյեմբեր 23,2018 22:54

Լոռու մարզի Շամլուղ համայնքի 10-րդ բազմաբնակարան շենքի հարցը շարունակում է մնալ չլուծված: Հիշեցնենք, որ շենքի տանիք գրեթե գոյություն չունի, ինչի հետեւանքով շենքը գտնվում է փլուզման եզրին, արդեն իսկ շենքում կան փլուզված պատշգամբներ, որոնք վտանգում են մյուս բնակիչների կյանքը: Վերջերս բնակիչները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Լոռու մարզպետին ու մի շարք այլ կառույցների ներկայացուցիչների, ակնկալելով խնդրին դրական պատասխան ստանալ:

Օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշել էր, որ մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները այցելել են համայնք, տեղում ուսումնասիրել խնդիրը: Մասնագետների հաշվարկով, տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտավորապես 6-7 միլիոն դրամ. «Երբ որ այս հրատապ մրցույթները հայտարարվեն, այդտեղից որոշակի գումար է տնտեսվելու, որով կփորձենք մի շենքի տանիքը վերանորոգենք: Համայնքապետի հետ էլ կզրուցենք, եթե գումար հայթայթի, ինքն էլ մի քիչ ներդրում կունենա, որ անենք: Բայց կառավարության մոտեցումն այն է, որ նման շենքերում գումար քիչ ծախսվի, որովհետեւ մեկ, երկու տարի հետո կարող է շենքն ընդհանրապես բնակելի չլինի եւ այդ մարդկանց տարհանենք ու այլ տեղ տանենք: Բայց, քանի որ, այս պահին ապրում են, եւ դեռ չգիտենք ինչքան կապրեն, մենք այդ խնդիրը կլուծենք այդ ձեւով… Կան տեխնիկական հարցեր, որ պետք է հասցնենք մաքսիմալ արագ անենք: Ժամկետները պետք է հստակեցնենք, որ գոնե մինչեւ ձյուն գալը, փորձենք աշխատանքները ձեռնարկենք: Բայց դե սա մեկ օրվա անելու բան չէ»,- ասել էր մարզի ղեկավարը:

Մինչդեռ երեկ մեզ հետ զրույցում, Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ մրցույթները, որոնց արդյունքում պետք է գումար տնտեսվեր, դեռ չեն ավարտվել, հետեւաբար շենքի հարցը շարունակում է մնալ անորոշ. «Ծրագրերի հետ կապված ժամկետների խնդիր ունենք, արագացնելու հնարավորություն չունենք, որովհետեւ դա կառավարության որոշումով է արվում, եւ մոտեցումն այն է, որ դա արվի համայնքի եւ պետական միջոցների հաշվին, համատեղ: Կոնկրետ ժամկետ այս պահին չեմ կարող ասել: Քանի որ ծրագրերը շատ են, բոլոր մրցույթները հայտարարելուց հետո է երեւում տնտեսված գումարը, եւ դրա տնօրինելու հետագա ապագան: Մինչեւ բոլոր մրցույթները չավարտվեն դա մենք չենք կարող իրականացնել: Գումարը տնտեսված պետք է լինի, բայց թե երբ կարող ենք օգտագործել, այ դա չեմ կարող ասել: Այս պահին մրցույթները դեռ շարունակվում են, կան ծրագրերը»:

«Aravot.am»-ի հարցին, թե, այսինքն` այս տարի բնակիչները չսպասե՞ն, որ իրենց փլուզվող շենքի բարձրացրած խնդիրը լուծում կստանա, Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե ստացվի, բայց դա ինձնից կախված չէ: Կախված է ՏԿԶ նախարարությունից, Աշոտ Կիրակոսյանի կողմից իրականացվող ֆոնդից (Հայաստանի սոցներդրումների հիմնադրամ, հեղ.), որը որ մրցույթներ է հայտարարել: Պետական համակարգը մի քիչ պարզ չէ: Պետք է կառավարության որոշում լինի, գումարները տրամադրեն եւ այլն: Այնպես չէ, որ գումարը դրված է եւ պետք է օգտագործենք: Մի քիչ բարդ է, բայց պետք է փորձենք արագացնենք»:

ՏԿԶ նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանն էլ նշեց, որ եթե լինեն տնտեսված գումարներ, ապա մարզպետարանը կարող է այդ միջոցներով խնդրին լուծում տալ, նախարարությունում որեւէ խնդիր չեն տեսնում. «Եթե միջոցներ կան, թող ընթացքը տան, մեր կողմից ոչ մի խոչընդոտ չի լինի… Տարվա ավարտին մեր ֆինանսավարչական եւ ծրագրային գործիքակազմն ավարտված է, նկատի ունենք հրատապ եւ սուբվենցիոն ծրագրերը: Այս ամեն ինչը քննարկվել է մարզպետարանի հետ, եւ առաջարկվել է խնդիրը ներառել եկող տարի քննարկվող սուբվենցիոն ծրագրային հայտի մեջ, եւ դրանով փորձենք լուծել բնակչությանը տեւական ժամանակ հուզող հարցը: Այս տարի հնարավոր չէ»:

Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Շամլուղում կա վերանորոգման կարիք ունեցող եւս 4 շենք. «Նման 4 շենք ունենք համայնքում: Հանձնաժողով է կազմվել, որտեղ անդամներ են ընդգրկված՝ համայնքից, մարզպետարանից, ԱԻՆ-ից, կուսումնասիրեն եւ ըստ առաջնահերթության կքննարկվեն, թե որ շենքի համար ինչ տարբերակով պետք է լուծում գտնել»:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930