Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեաօլիգարխիայի դեմ պայքարում կառավարությունը հետքայլ է արել». Լեւոն Շիրինյան

Նոյեմբեր 23,2018 22:24

Ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտը Հայաստանում ցանկալի արդյունքի չի բերի: Այս կարծիքին է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Հիշեցնենք, ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին կառավարությունում ընթացող քննարկումներից օրերս խոսել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա հայտարարությունները բուռն հակազդեցություններ առաջացրին, անգամ «խոպանչիներին հարկելու» նախաձեռնություն որակավորումը տրվեց:

Լեւոն Շիրինյանը հարց է հնչեցնում`արդյոք այդ նախաձեռնությունն առաջ տանող գերատեսչությունը տիրապետում է ամբողջական իրավիճակին եւ ունա՞կ է համարժեք գնահատել այն հնարավոր ռիսկերը, որոնք ի հայտ կգան այդ ինստիտուտի ներդրումից հետո: «Հարցն այն է, որ վերջին 30 տարում ոչ ոք չի հարցրել`ի՞նչ տնտեսական մոդելով է զարգանում մեր երկիրը: Լիբերալիզմը`դա ընդհանրական հասկացություն է, որը տարբեր երկրներում տարբեր կիրառություն է ստանում: Կարող են, արդյոք, Հայաստանի նման աղքատ եւ զարգացող երկիրը եւ պատերազմական գործողությունների վերսկսման անընդհատ սպառնալիքի ներքո բնակվող ժողովուրդն ապրել լիբերալ տնտեսության պայմաններում, ինչպես օրինակ, անգլիացիները»,- Aravot.am-ի հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց Լեւոն Շիրինյանը:

Մեր զրուցակիցը համոզված է, որ տարբեր գնահատականներով մինչեւ 70 տոկոս ստվերային շրջանառություն ունեցող երկրում, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ հասնել ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտի ներդրման ցանկալի արդյունքներին: Հայաստանում բավական աղմուկ բարձրացրեց արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հայտարարագրման հավանականությունը ներդրվող ինստիտուտով: Քաղաքագետն ասում է`նման միջազգային փորձ կա, բայց Հայաստանում այդ խնդիրը բոլորովին այլ բնույթ ունի: «Այս ամենը խոսում է այն մասին, որ կառավարության տնտեսական բարեփոխումներն արդյունքի չեն բերում, քան որ հեղափոխության ընթացքում խոսք էր գնում ոչ թե գոյատեւման համար արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին, այլ օլիգարխների «գրպաններից» գումարների վերադարձի եւ տնտեսության իրական ազատականացման մասին: Այստեղ կառավարությունը հաջողություն չարձանագրեց, ուստի բեռը տեղափոխվում է այլ ոլորտ»,- ասում է քաղաքագետը`հավելելով, որ, այսպիսով` իշխանությունները փորձում են նոր ֆինանսական ռեսուրսներ բացահայտել:

Լեւոն Շիրինյանը համոզված է, որ մարդիկ միեւնույն է, չեն վճարի այդ գումարները եւ նախագծի ընդունման դեպքում ամեն կերպ այն կփորձեն շրջանցել: Լեւոն Շիրինյանը կարծում է առավել արդյունավետ կլինի, եթե իշխանությունը շարունակի քրեաօլիգարխիկ համակարգը կոտրել եւ այդ տարբերակով տնտեսական աճ ապահովելու ճանապարհով գնալ: Մինչդեռ նա համոզված է, որ Հայաստանի կառավարությունը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարում հետքայլ է արել, քանի որ բախվեց լուրջ խնդիրների հետ. կառավարության ուժը չբավարարեց եւ որոշ հարցերում փոխզիջումների գնաց քրեաօլիգարխիկ ընտանիքների հետ:

Լեւոն Շիրինյանն, ով հեղափոխության առաջին իսկ օրերից իր զորակցությունն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ թավշյա հեղափոխությանն, այժմ ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել երկրում եվ ընդամենն իր անձնական վարկանիշի հաշվին փորձում է ինչ-ինչ հարցեր կարգավորել:

Քաղաքագետը գտնում է`ճիշտ կլինի, որ Հայաստանում ուսումնասիրեն Ավստրիայի զարգացման մոդելն ու զարգացման այդ ուղղությունը որդեգրեն: Լեւոն Շիրինյանը կողմնակից է սոցիալ-տնտեսական շուկայի տեսության կիրառմանը Հայաստանում: Նա կարծում է, որ տնտեսական քաղաքականության մեջ սահմանադրականության դերի մեծացումը Հայաստանը տանում է գերմանական զարգացման մոդելով, որտեղ շուկան ազատականացված է:

Այս համատեքստում, նա վստահ է, որ հայաստանյան  ճգնաժամի մեղավորը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ Սերժ Սարգսյանը: Քաղաքագետը նաեւ բացասական է գնահատում, որ Հայաստանում այժմ էլ չի իրականացվում մարդկային եւ մասնագիտական ռեսուրսի գնահատում, մանավանդ այն հիմնական ուղղություններով, որոնցով Հայաստանը զարգացման հեռանկար կարող է ունենալ: Ըստ նրա, նման կարեւորագույն հարցերն անտեսվում են գործող կառավարության կողմից եւ շատ հարցեր լուծվում են հետեւյալ տարբերակով`կստացվի`լավ, չի ստացվի` կփորձենք նորից:

Լեւոն Շիրինյանը դեմ է նաեւ Հայաստանի կառավարության մեկ այլ`նոր վարկ վերցնելու մտադրությանը. «Մեզ պետք չեն ոչ վարկեր, ոչ ներդրումներ. մաքրեք Հայաստանի տնտեսական դաշտը եւ մեր երկիրը ազատ ռեսուրսների հաշվին կզարգանա»: Նա կարծում է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է ներքին ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930