Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրված 11 հանձնառություններից 6-ը առաջարկվել են ՀԿ-ների և քաղաքացիների կողմից

Նոյեմբեր 23,2018 21:21

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցած Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստում հաստատվել է ԲԿԳ գործողությունների չորրորդ ծրագիրը:

Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:

2018-2020թթ. ԲԿԳ գործողությունների չորրորդ ծրագիրը բաղկացած է 11 հանձնառություններից, որոնցից 6-ը հանդիսանում են քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները:

ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ, Բաց կառավարման գործընկերության քարտուղար Լիլյա Աֆրիկյանը Aravot.am-ին հայտնեց, որ քննարկման արդյունքում խմբի կողմից հավանության են արժանացել հետևյալ հանձնառությունները՝ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնում, պետական բյուջեից դրամաշնորհների մրցույթային կարգի սահմանում, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակում, վարկային և դրամաշնորհային միջոցների թափանցիկության ապահովում, համայնքային կայքերի հասանելիություն և արդիականացում, ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզի մշակում, կրթության և առողջապահության ոլորտի հասանելիության ապահովում, հանրագրերի համակարգի ներդրում:

Աֆրիկյանն ասաց, որ քննարկումներին մասնակցել են ՀԿ-ների, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների շահագրգիռ ներկայացուցիչները:

Նրա խոսքով, հավանության են արժանացել այն  հանձնառությունները, որոնք առավել համապատասխան են ԲԿԳ սկզբունքներին: Կարևորվել է նաև դրանց  շեշտակի փոփոխություններ ենթադրող առաջարկներ լինելը:

Aravot.am-ը փորձեց ճշտել, թե ովքեր կարող են առաջարկով հանդես գալ և  ինչ ժամկետներ են սահմանված: «Առաջարկ ներկայացնելու սահմանափակում չկա: Հայտարարվում է բաց մրցույթ  ՀՀ քաղաքացիների համար առանց տարիքային, մասնագիտական չափանիշների դասակարգման: Այս տարի առաջարկներով են հանդես եկել ՀՀ պետական կառավարման մարմինները, քաղաքացիական ծառայողները, ՀԿ-ներն ու ՀՀ քաղաքացիները»:

Խոսելով ժամկետների մասին, ԲԿԳ քարտուղարն ասաց, որ առաջարկների ներկայացման ժամկետը երկու ամիս և ավելի է, սակայն այս տարի՝  հաշվի առնելով քաղաքական զարգացումները, առաջարկների մեկնարկը եղել է երկու փուլով՝ մարտին և հուլիսին:

Նշենք, որ ՀՀ-ն Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությանը միացել է 2011թ.-ի սեպտեմբերին և ԲԿԳ-ին միացած ամենաակտիվ 71 երկրներից մեկն է:

 

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930