Այսօր բնապահպանության նախարարությունում մի խումբ բնապահպաններ նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի ասուլիսից հետո ընդունարանում դժգոհեցին, որ իրենց ավելի վաղ ներս չէին թողնում՝ մասնակցելու լրագրողների եւ ՀԿ-ների հետ հանդիպմանը:
Ըստ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի, բնապահպանները պահանջում էին հանդիպում Գրիգորյանի հետ՝ ուղիղ եթերով, նրանք նաեւ պնդում էին, որ նախարարությունը լիարժեք եւ ամբողջական պատասխաններ չի տալիս իրենց հարցադրումներին:
Բնապահպան Լեւոն Գալստյանը վստահեցնում էր, որ Ամուլսարի հետ կապված Գրիգորյանը փակ քննարկում է կազմակերպել, եւ չի հայտնում, թե միջազգային փորձագետն ինչ կարծիք է հայտնել: Բնապահպանները տարաների մեջ տիղմ եւ ջուր էին բերել ու վստահեցնում՝ Դեբեդ գետից վերցված տիղմն է:
Բնապահպան Անի Խաչատրյանն այդ տիղմով տարան, ինչպես ինքն ասաց, որպես նվեր էր բերել. «Սա Դեբեդ գետի նստվածքն է՝ Թեղուտի ու Ախթալայի հանքերից»: Բնապահպանները նաեւ մեկ այլ տարա էլ էին իրենց հետ բերել, տարայի պարունակության գույնը դեղնավուն էր.« Տանձուտի հանքավայրից վերցված ջուրն է, թթվային դրենաժի պրոցեսը: Էրիկին մենք մարտահրավեր ենք նետում՝ գնացեք Տանձուտի հանքավայրի 100 տարվա թթվային դրենաժը փորձեք կանխել, հետո նոր խոսեք Ամուլսարի հանքի թթվային դրենաժի կանխումից, որը Տանձուտից հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով է լինելու ու ավելի երկար ժամանակով»:
Անի Խաչատրյանը հայտարարեց՝ «Մենք մի հարց ունեինք նախարարին, որ ինքը աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» համար եղել է կոնսուլտանտ, այսինքն՝ նախարարն աշխատել է «Լիդիանի» համար: Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարն իր մասնակցությունն է ունեցել որոշ հետազոտությունների: Մենք ուզում էինք նախարարից հարցնել՝ արդյոք սա շահերի բախում չէ»:
Նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր առաջարկել է ընդունել բնապահպաններին, բայց առանց լրատվամիջոցների, առանց տեսանկարահանման: Հանդիպումը չկայացավ, բնապահպանները մերժեցին առաջարկը, քանի որ նրանք պահանջում էին հանդիպում, որը պետք է պարտադիր ցուցադրվի «լայվով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ