Թուրքական լրատվական կայքերում հրապարակվել են նոր մանրամասներ սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործի վերաբերյալ:
Պարզ է դարձել, որ Խաշոկջիին պարկով խեղդելուց հետո դին մասնատել են Ստամբուլում Սաուդիան Արաբիայի գլխավոր հյուպատոսի սենյակում: Սպանությունն իրականացնող խմբի անդամներից մեկը եղել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատաբժիշկ, դոկտոր Սալահ Մուհամմադ Ալ- Թուբաիգին: Նշվում է, որ հենց նա է մասնատել Խաշոկջիի մարմինը:
Խաշոկջիի հագուստները հանելուց հետո, Թուբաիգին արյան հետքերից խուսափելու համար, ներարկիչով երակից հանել է արյունը, այնուհետև սանհագույցում հոսող ջրի տակ է լցրել:
Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ Թուբաիգին մասնավոր ինքնաթիռով Սաուդյան Արաբիայից իր հետ տարատեսակ բժշկական պարագաներ է բերել:
Սպանություն իրականացնող 15 հոգանոց խմբի բժշկական պայուսակներում ներարկիչ և նշտար է եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Աղբյուր` Sabah