«Ես չգիտեմ թե ո՞րն է ՀՀԿ-ի ծանր հրետանին եւ այս քաղաքական իրավիճակում ՀՀԿ-ն ընդհանրապես որեւէ հրետանի ունի՞, թե`ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեր դիտարկմանը, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում, վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նկատենք, որ այդ ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով ՀՀԿ-ն պայքարի է հանել իր «ծանր հրետանուն»`Մենուա Հարությունյանին, Շուշան Պետրոսյանին եւ Հերմինե Նաղդալյանին, իշխող «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրատարածքում առաջադրել է Կապանի քաղաքապետի թեկնածու ՔՊ-ական Նարեկ Բաբայանին, ՔՊ-ականներ Արմեն Խաչատրյանին, Կարեն Կանդազյանին, Մարինա Ղազարյանին , Նարեկ Ղահրամանյանին, Տրդատ Սարգսյանին, անկուսակցականներ Աննա Գրիգորյանին, Մարիամ Ծատրյանին, Տիրգրան Կարապետյանին, Կարեն Համբարձումյանին:
ԲՀԿ-ից այս ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
Դիտարկմանը`տեսակետ կա, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում չի կարողանալու մեծ տոկոս հավաքել, քանի որ նյութական ռեսուրսի կիրառումն այս ընտրություններում զրոյականացվել է, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Շատ սխալ ընկալում է, որ ԲՀԿ-ն նույնականացվում է ընտրողներին նյութապես շահագրգռելու հետ: Ես կարող եմ փաստել, որ ԲՀԿ-ի, ԲՀԿ առանձին գործիչների նկատմամբ կա վստահություն: Մենք ունենք կենսունակ ծրագիր եւ մենք ասում ենք`վստահության դեպքում պատրաստ ենք այդ ծրագիրն իրականացնել: Իսկ թե ո՞ր քաղաքական ուժն ո՞ւմ է առաջադրել, ի՞նչ է առաջադրել`ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ես որեւէ մեկի հետ չեմ պատրաստվում ռինգի դուրս գալ: Ես որեւէ մեկի հետ կամ որեւէ մեկի դեմ չեմ պատրաստվում մենամարտել: Իմ խնդիրը, իմ զրուցակիցը լինելու է սյունեցին, վայոցձորցին, որոնց ես ներկայացնելու եմ մեր ծրագիրը»:
Իսկ սյունեցիներին եւ վայոցձորցիներին Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի անունից երեք խոշոր ներդրումային ծրագիր է առաջարկելու`բրդի, ոչխարի կաշվի վերամշակման ձեռնարկություն հիմնելու եւ Սիսիանի տեքստիլ գործարանի վերականգնման, Խնձորեսկի քարանձավների հարակից տարածքը զբոսաշրջային կենտրոն վերածելու ծրագիրը, Քարահունջի եւ Զորաց քարերի ներդրումային ծրագիրը: Այս ծրագրերը հորդանանցի, մարոկացի ներդրողների հետ են իրագործվելու:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ