Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին:
Խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի վիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ ելույթներով: Նիկոլ Փաշինյանը լսել է Հայաստանում սահմանադրականության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգի բարելավման, հասարակական նոր պայմանագրի, ինստիտուցիոնալ վերափոխումների և ՀՀ տնտեսության արդի բնութագրերի և զարգացման խնդիրների վերաբերյալ բանախոսների զեկույցները, որոնց վերաբերյալ հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները քննարկվող թեմաների և հնչած հարցադրումների շուրջ:
Անդրադառնալով զեկույցներում արծարծված հարցերին և ամփոփելով խորհրդաժողովի առաջին մասի շրջանակում ծավալված քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոգևորված է դրա արդյունքներով. «Ըստ էության՝ համենայն դեպս առաջին 5 զեկույցի արդյունքներով շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը և առաջնահերթությունը՝ ինչ մենք այս ընթացքում անում ենք, փորձում ենք անել և պիտի փորձենք ավելի լավ անել: Օրինակ, հենց հեղափոխությունից հետո, երբ քաղաքական հարթակներում մեզ անընդհատ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, առաջին հերթին ընդգծում էինք երկրում սահմանադրականության կարևորությունը: Բոլորն ասում էին, թե դա ինչ քաղաքական հարց է, պետք է խոսել տնտեսությունից: Մենք ասում էինք՝ տնտեսության համար կարևորը օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձևավորումն է:
Հաջորդ խնդիրը, որին մենք բախվել ենք և շատ արագ արձանագրել ենք, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է: Մենք դա ձևակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն 2019 թ. ընթացքում անդրադառնալու ենք, այսինքն՝ հույս ունեմ, որ ընտրություններում մենք կստանանք վստահության քվե և դրանից հետո անպայման այդ թեմային անդրադառնալու ենք»:
Վարչապետի պաշտոնակատարը խոսել է հասարակական նոր պայմանագրի վերաբերյալ զեկույցում բարձրացված հարցերի, այն է՝ հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորությունների, իշխանության քննադատության և կառավարության անելիքների մասին: «Իմ կարծիքով՝ ինչ-որ տեղ այդ ընկալումը հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետև եթե իշխանությունն ամեն ինչ՝ բոլոր լծակները և բոլոր հարցերի լուծումները, վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է: Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց սա մեր իրականությունն է եղել. բոլորն ուզում են, որ կառավարությունը, ավելին՝ վարչապետն անձամբ մտնի միկրոմենեջմենթի մեջ: Կառավարության խնդիրը ոչ թե ամեն բջիջի աշխատանքը, այլ օրգանիզմի առողջությունն ապահովելն է: Իսկ օրգանիզմի առողջությունն ապահովելու համար ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է և դրանից բխող քայլեր անելը: Այսօր մեր գաղափարախոսությունը հետևյալն է. ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը լինի ոչ միայն կառավարությանը, այլև հանրային տարբեր շերտերինը: Մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում՝առնվազն 2015 թվականից, երբ մենք մեր քաղաքական տեսլականը ձևակերպել ենք, անհատական ջանքը եղել է առանցքային՝ բոլոր հանրային խնդիրների լուծման համար և կարծում ենք, որ այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են: Շատ կարևոր շեշտադրում է, ինչը մենք անընդհատ ասում ենք, մարդկանց վարքի և վերաբերմունքի փոփոխությունը, և, ըստ էության, հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այդ պատճառով, որովհետև տեղի է ունեցել մարդկանց վարքի փոփոխություն», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել քաղաքական վարքի փոփոխություն, և դա լուծել է քաղաքական հեղափոխության խնդիրը, իսկ երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը կամ իր կողմից հարկ վճարելու պարտականությունը. ինքը դա վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող, իրեն բանտարկող մի բա՞ն, թե՞ ընկալում է դա որպես իր մասնակցություն երկրի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով փոփոխություններին: «Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունը և գործարարի նկատմամբ հանրային ընկալումն ամենաառանցքային խնդիրն է, որն այսօր պետք է լուծենք: Մենք պետք է խոստովանենք, որ երկար ժամանակ գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք, իհարկե, բացառություններ եղել են: Ի՞նչն է եղել պատճառը, որովհետև նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և իշխանությունը շահագրգռված է եղել նրանց քաղաքական պրոցեսներում ներքաշելու հարցում: Հիմա քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ, օրինակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է:
Բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը և գործարարի համարումը մեր երկրում նսեմացնելու պրոցես: Դա հակառակ պրոցեսն է, և կարծում եմ, որ դրա արդյունքում գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետև գործարարն այն մարդն է, ով ստեղծում է արդյունք, ով ստեղծում է աշխատատեղեր, ով պետական եկամուտների լոկոմոտիվը քաշում է առաջ, և որի գործունեության արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ստանում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական և միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր միջավայրում», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդաժողովի ժամանակ արծարծվել է նաև ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման հարցը, որի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Դա մեր ամենակարևոր խնդիրն է, որը եթե լուծման առումով դնենք բնական աճի տրամաբանության մեջ, և եթե նույնիսկ հիմա շատ մեծ հաջողություններ ունենանք, 15-20 տարի հետո նոր կլուծվի, որովհետև 1 տարի հետո ծնված երեխան չափահաս կդառնա ամենաշուտը 18 տարի հետո: Այս առումով իսկապես շատ կարևորում ենք ներգաղթի գաղափարը: Ներգաղթ ասելով նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն: Մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով՝ իրականությունում կտեսնենք նաև կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք և, գաղափարը, որն ինձ շատ է դուր գալիս, հետևյալն է. ես պատկերացնում եմ, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է աշխարհի, սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, ուր մարդիկ գան՝ ամեն մեկն իր հետ բերելով նոր մշակույթ, նոր ըմբռնում, նոր հայացք, նոր միտք, և այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք 1000-ամյա, բայց նորածին և վերածնված մի ժողովուրդ, մի հասարակություն, մի հանրություն»:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերի այսօրվա իրավիճակի, կրթական համակարգի խնդիրների և գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետության վերաբերյալ հնչեցված հարցադրումներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ, և դա նույնպես պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է: «Բյուջեով կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր: Եվ ունենք մի իրավիճակ՝ երբ ուսանողը բուհն ավարտում է և գնում որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրան ասում են՝ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է մեր գերատեսչության բուհում սովորես, քեզ դիպլոմ կտանք և այն ժամանակ նոր կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում ուղղակի չպետք է լինի: Այդ ինստիտուտները պետք է համատեղենք և գիտությունը, հետազոտությունը, կրթությունը նույն ռելսերի վրա դնենք», – նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով գիտություն-տնտեսություն-կառավարում-հանրություն գործուն կապի ձևավորումը: «Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա: Իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում: Քաղաքի կենտրոնում քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող: Մեզ թվում է, թե դա մեզ չի առնչվում, բայց քայքայումն սկսվում է հենց այդտեղից: Մենք պետք է մեր պահանջներն այս առումով ավելացնենք, և մեր բուհերի միջազգայնացման ուղղությամբ քայլեր անենք», – ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տնտեսությունը և քաղաքականությունը պետք է լինեն առաջին հերթին մեր ռազմավարական կարիքները սպասարկող: Այս առումով շատ կարևորում եմ, որ չմոռանանք հետևյալը. մեր ռազմավարական առանցքային խնդիրներից մեկը մեր անվտանգությունն է և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Կա ներուժ, կա հնարավորություն, որ մենք կառուցենք այդպիսի տնտեսություն և երբեք 2 բան չպատճառաբանենք մեր անվտանգության միջավայրով.
1.Մենք պետք է պայմանավորվենք, որ մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով:
2.Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք դարձյալ անվտանգային միջավայրով, որովհետև հիմա հնարավորությունները ուրիշ են: Հիմա 21-րդ դարն է, տեխնոլոգիական դարը, և տնտեսության զարգացումը հիմնականում առնչվում է մարդկային կապիտալի զարգացման հետ: Մարդկային, ինտելեկտուալ կապիտալը մեր ամենամեծ արժեքն է և ամեն ինչ պետք է սկսենք այդտեղից:
Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունն ապահովելն է, և դա այն քաղաքական խնդիրն է, որն անպայման միասին պետք է լուծենք»:
Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ասել է, որ քննարկման ընթացքում չհնչեց որևէ նախադասություն, որի հետ ինքը համաձայն չլիներ, առավելագույնը 1, 2, 3, կամ 4 միտք կարող էր լինել, որոնց կարձագանքեր «այո, բայց…» ձևակերպմամբ: «Սա ինձ ուրախացնում է, որովհետև նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ: Մենք, իհարկե, այս ընթացքում ներկաներից մի մասի հետ շփվել ենք, մի մասի հետ չենք շփվել, բայց դա կարող է լինել հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը, որ հնարավոր է՝ մեր ընդհանրության զգացողությունը վերականգնվում է: Մենք, նույն փաստերի հետ առերեսվելով, գալիս ենք նույն եզրակացություններին և գծում ենք անելիքների ճանապարհային քարտեզը», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ որպես գաղափարներ գեներացնելու և իրագործելու, ճանապարհային քարտեզ մշակելու, լուծումներ գտնելու և առաջարկներ լսելու հարթակ՝ նշելով, որ բաց է այսպիսի քննարկումների համար և պատրաստ է հաճախ հանդիպել:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ