Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց «Իգլա»-ի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատավոր Արշակ Վարդանյանի կողմից նախորդ տարվա նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու, ինչպես նաեւ՝ փողերի լվացման համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւս գործով մեղադրյալ է եւ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Գործը բողոքարկվելով՝ հասել էր մինչեւ Վճռաբեկ դատարան, որն ամիսներ առաջ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, ուստի դատավարությունը նորից է սկսվում:
Դատավորը դեռ չեկած՝ կատակասեր Սանասար Գաբրիելյանը, տեսնելով, թե ինչպես է դատական կարգադրիչը քրեական գործի հատորները դնում դատավորի սեղանին, հարցրեց. «Էդ մերն ա՞, ախպեր»: «Ինչ տվել են, դա եմ բերել»,-արձագանքեց կարգադրիչը: Մեղադրյալների ինքնության ճշտման գործընթացից հետո Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Ղլեչյանը հանդես եկավ միջնորդությամբ:
«Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ակնհայտ է, որ նա անմեղ է: Համոզված ենք, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի հավատ ունենք դատական համակարգի հանդեպ: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրեց, որ Հրաչյա Մայիլյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները չեն կարող դրվել Բաբայանի եւ մյուսների դատավճռի հիմքում: Պնդում ենք, որ Մայիլյանին գաղտնալսելու թույլատվությունն ապացուցող նյութերը պետք է հասանելի լինեն պաշտպանական կողմին, ուստի դատարանին միջնորդում եմ հնարավորություն տալ ծանոթանալ դրանց»,-հայտարարեց նա:
Դատարանը միջնորդության առնչությամբ որոշումը կհրապարակի երկուշաբթի:
Հիշեցնենք, որ մեղադրյալները Հրաչյա Մայիլյանին ԱԱԾ գործակալ են համարում, որին մեկ այլ՝ փաստաթղթերի կեղծման գործով ազատ են թողել՝ իրենց վրա ցուցմունք գրելու պայմանով: Նա գործով վկա է եւ ըստ իր իսկ ցուցմունքի՝ Վրաստանում օգնել է գտնել եւ ձեռք բերել «Իգլա»-ն: Մինչ նիստի հետաձգումը միջնորդության առնչությամբ կարծիք հայտնեց մեղադրյալ Սամվել Բաբայանը՝ դատավորին ասելով. «Որ գաղտնալսումները լսեք, կարող է՝ գործը միանգամից կարճեք»:
https://www.facebook.com/aravot.am/videos/206265090272797/
https://www.facebook.com/aravot.am/videos/753532315012301/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ