Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ասուլիսում հարցին՝ դուք վերլուծե՞լ եք Երեւանի ավագանու ընտրություններում ձեր ստացած ձայների հարցը, որ անցողիկի շեմը չկարողացաք հաղթահարել ու արդյոք դա դիտարկե՞լ եք այն տեսանկյունից, որ մարդիկ չմոռացան հեղափոխական առաջին օրերին ձեր ուժի բացակայությունը գործընթացներին: Մարուքյանը պատասխանեց. «Մեր ձայները կապ չունի ձեր ասածի հետ, որովհետեւ դուք ասում եք՝ հեղափոխական ձայները չեք ստացել, որովհետեւ հեղափոխություն չեք արել: Նախ, մենք չենք ձախողել, 13 ուժ է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններում, մենք երրորդն ենք Երեւանի փոքր խորհրդարանում, թող մյուսներն էլ անցնեին: Հեղափոխական ձայները պետք է գնան դեպի Նիկոլ Փաշինյանը, որեւէ մեկը չպիտի հավակնի այդ ձայներին: Ով որ հեղափոխությունն արել է, նա է լեգիտիմ տերը այդ ձայների: Դուք մտածում եք, որ մենք ուզում ենք հավակնել այդ ձայների՞ն, ոչ: Ոչ Երեւանի ժամանակ ենք հավակնել, ոչ էլ հիմա»:
Մարուքյանն ասաց, որ ՀՀԿ-ն, իր կարծիքով, չի անցնի խորհրդարան:
Լրագրողները «Գելափի» հարցումները մատնանշեցին, որի հարցումներով ՀՀԿ-ն ավելի շատ ձայն էր ստանալու, քան ԼՀ-ն: Մարուքյանը պատասխանեց. «Դուք նայե՞լ եք այնտեղ «Ելք»-ը ինչքան է, այ այդտեղ է մեր ձայները: Մեր դեմքերը, իմ, Մանեի դեմքերը տեսնում են «Ելքի» մեջ»:
Մարուքյանը վստահեցրեց, որ Գելափի հարցման 1 տոկոսի կողքը, 0 կավելանա:
Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» ասուլիսն անում էր «Ալեքսանդր» հյուրանոցում, որը Հայաստանի ամենաթանկ հյուրանոցներից է: Հարցին՝ ձեզ որտեղի՞ց այդքան փող՝ Մարուքյանը պատասխանեց. «Այստեղ թանկ է քնելը, երեխեք ջան: Մենք ռեզերվ էինք արել «Մարիոթը», բայց քանի որ այնտեղ խնդիր առաջացավ ժամի հետ կապված, դրա համար տեղափոխեցինք այդտեղ, որտեղ գների մեջ տարբերություն չկար: Եվ հետո, երկրորդ ուժն ենք, բա որտե՞ղ անենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ