Այսօր Aravot.am-ին էին դիմել «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ՝ պնդելով, որ ընտրական հանձնաժողովների ձևավորման ժամանակ գրագետ խավն անտեսվում է։ Ըստ նրանց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանձնաժողովներում խցկում են ոչ տառաճանաչ մարդկանց՝ «ծանոթ, բարեկամ, խնամի, սիրուհի» սկզբունքով։
Նրանք մեր կայքին փոխանցեցին նաև իրենց բաց նամակը՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնաժողովներում աշխատել բարեգործական հիմունքներով։
Նամակում գրված է. «ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գրեթե բոլոր ուսուցիչներն ունեն ընտրական հանձնաժողովում աշխատելու հավաստագիր, բայց նախկինում գործող կուսակցությունների կողմից բազմիցս անտեսվել է գրագետ խավը:
Քանի որ հանձնաժողովները ձևավորվել և ձևավորվում են հիմնականում կուսակցությունների կողմից առաջադրվող անգրագետ «ծանոթ, բարեկամ, խնամի, սիրուհի» սկզբունքով, և ընտրական հանձնաժողովները դարձրել են ընտանեկան բիզնես, այդ իսկ պատճառով Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի ներքոստորագրյալ մանկավարժներս պատրաստ ենք բարեգործական հիմունքով աշխատել տեղամասային ընտրական հանձնաժողովներում և ամբողջ աշխատավարձը փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին» կամ օգտագործել ցանկացած բարեգործական նպատակով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ