Լրագրողների հետ հանդիպմանը Aravot.am-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին երեք հարց ուղղեց. ինչպես է անցկացվելու «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթը, նախաօլիմպիական 2019 թվականին ֆեդերացիաների ֆինանսավորումն ավելանալո՞ւ է եւ դեկտեմբերի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր կառավարությունում նախատեսվող նախարարությունների միավորման կամ կրճատման արդյունքում սպորտի եւ երիտասարդության նախարարությանն ի՞նչ կարգավիճակ է սպասվում:
«Անցած տարի 10 լավագույն մարզիկ մրցույթի կարգը փոխվել էր: Ընտրությունը կատարեցին հանրությունը SMS քվեարկությունով եւ դուք՝ լրագրողներդ: Այս տարի ձեւաչափը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Քվեարկությանը կմասնակցի հանրությունը, կմասնակցեն այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեության ընթացքում սպորտը չեն անտեսում, կմասնակցեն նաեւ մասնագետները՝ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, կամ դրա հնարավորությունը չլինելու դեպքում՝ ֆեդերացիայի կողմից լիազորված անձը: Ընտրության արդարությունն ապահովելու նպատակով, նշածս երեք խմբերն էլ հաշվարկի ժամանակ ունենալու են ձայների մեկ-երրորդ համամասնություն: Մի նորամուծություն էլ կա. 10 լավագույնների մեջ աստիճանական հաջորդականություն չի լինելու, այսինքն, չի լինելու 1-ին եւ 10-րդ համար: Բոլորն էլ հավասարության հիմունքով կազմելու են լավագույն 10-նյակը: Թեկնածուների ցանկը կազմելու համար ազգային ֆեդերացիաներին առաջարկվելու է ներկայացնել մինչեւ երեք մարզիկի անուն, որոնցից էլ կընտրեք 10 լավագույնների ձեր տարբերակները: Մի նորամուծություն եւս, որը մենք կարեւոր ենք համարում: Քվեարկությանը մասնակցելու են հավատարմագրված լրատվամիջոցները եւ կայքերը, այլ ոչ թե մարզական լրագրողներն անհատապես: Այսինքն, ամեն մի լրատվամիջոց ունենալու է քվեարկության մեկ տարբերակ: Դա արվել է լրատվամիջոցների միջեւ նույնպես հավասարություն ապահովելու նպատակով:
Ինչ վերաբերում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետագա կարգավիճակին, այսօր ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ տեղյակ չեմ», – հարցերին պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ