Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու. Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով

Նոյեմբեր 23,2018 17:50

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան  քանդելու: «Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը: «Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ այժմ քաղաքապետարանը ստանում է կառուցապատման բազմաթիվ ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք վերահասցեագրվում են Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ կենտրոնն ընդլայնելու նպատակով: Անդրադառնալով հատկապես քաղաքի կենտրոնում առկա անավարտ շինարարություններին՝ Արթուր Մեսչյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է բոլոր գործիքակազմերը, որոնց կիրառումը կխթանի կիսակառույցներն ավարտին հասցնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ուղղություններով հետևողական աշխատանքների իրականացումն ու նշել, որ ներդրողների հետ ակտիվ երկխոսությունը խնդիրների լուծման, ներդրումային ծրագրերի կյանքի կոչման լավագույն տարբերակն է:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930