«Խոսքի ազատությունն ունի իր մութ կողմը, որը ատելության խոսքն է»,-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված «Խոսքի ազատություն. Որտե՞ղ են սահմանները» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա հավաստիացրեց ՝ հեղափոխությունից հետո ՀՀ-ին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն մակարդակի:
Դառնալով քննարկման կազմակերպմանը՝ դեսպանն ասաց, որ նպատակ ունեն քննարկել խոսքի ազատությունը և սահմանները, անդրադառնալ ատելության խոսքին: Այս առիթով նա մանրամասնեց. «Այս միջոցառումը կազմակերպվում է անմիջապես ընտրական քարոզարշավի նախաշեմին, քանի որ հուսով ենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնի հասցնել ատելության խոսքը և ընդհանրապես վերացնել, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, այն բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա, իսկ ՀՀ-ին կհաջողվի այս ընտրությունների արդյունքում ձևավորել այդ քաղաքական մշակույթի ստանդարտը»:
Հարցին՝ ընդհանուր առմամբ խոսքի ազատության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք, արդյոք Հայաստանը կպահպանի՞ այդ մակարդակը, որը ձեռք է բերել ժողովրդավարության առումով, ԵՄ դեսպանը պատասխանեց. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ հիմա ՀՀ-ում մարդիկ ավելի ազատ են և ցանկություն ունեն վայելելու իրենց ազատությունները: Դրա կարևորագույն ձևավորողներից են նաև ԶԼՄ-երը»:
Դառնալով ազատ խոսքին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց. «Ազատ խոսքը պարտադիր չէ գեղեցիկ, քաղաքավարի, փափուկ լինի: Կարող է երբեմն լինել կոպիտ ու ցավացնող: Բայց դա էլ ունի իր սահմանները: Մի բան անհրաժեշտ է քաղաքական դաշտում սովորել, որ քաղաքական գործչի կաշին մի փոքր ավելի հաստ պիտի լինի, քան սովորական մարդունը»:
Հարցին՝ ինքնագրաքննության մթնոլորտ զգո՞ւմ եք լրագրողների շրջանում, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Սա մի հարց է, որին պիտի պատասխանեն հենց լրագրողները: Ելնելով իմ՝ ՀՀ լրագրողների հետ ունեցած շփումներից, եկել եմ այն եզրահանգման, որ ԶԼՄ-ները պիտի ձևավորեն այն դաշտը, որում իրենք պետք է գործեն նոր ու ազատ Հայաստանում: ՀՀ-ին անհրաժեշտ է նոր օրենսդրություն, ՀՀ-ին անհրաժեշտ է նոր միջավայր, որը կապահովի ԶԼՄ գործունեությունը: Սեփականատերերը, խմբագիրները, լրագրողները իրենք պիտի քննարկեն, թե նոր Հայաստանում ինչ դերակատարում պետք է ունենան լրատվամիջոցները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ