«Նոր տեխնոլոգիաները օբյեկտիվորեն բավական հարմարավետ են մարդկանց համար, հետևաբար և պահանջված, բայց, միևնույն ժամանակ, դրանք նաև մեծ վնաս են բերում մարդկությանը: Վերջին տասը տարում տեխնոլոգիաները տարբեր ուղղություններով փոխել են մեր կյանքը՝ մինչ մենք փորձում էինք հասկանալ՝ որքանով են դրանք օգտակար կամ՝ հակառակը»,- այսօր տեղի ունեցած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում ասաց ՏԱՍՍ գործակալության ԱՊՀ և բալթյան երկրների բաժնի ղեկավար Բորիս Գրուշինը: Նրա խոսքով, տարբեր սոցիալական ցանցերի միջոցով, յուրաքանչյուր օգտատեր կարող է ամենատարբեր տեղեկատվությունը տարածել լսարանի շրջանում. «Նոր իրականության մեջ լրագրողներին մնում է ֆիլտրել և վերաիմաստավորել տեղեկատվությունը: Կարծում եմ՝ սա էլ հենց պետական լրատվական գործակալությունների աշխատանքը տարբերակում է սիրողական լրագրողների աշխատանքից»:
Բորիս Գրուշինը ներկայացրեց նաեւ տեղեկատվության ստուգման իրենց լրատվամիջոցի օրինակը. «Բոլոր հաղորդագրությունները, որոնք մենք ստանում ենք, անպայմանորեն ստուգվում են, և բոլոր նորությունները, որոնք տեղ են գտնում մեր լրահոսում, ունենում են աղբյուրներ: Մեր գլխավոր տնօրենը միշտ նշում է, որ օբյեկտիվությունն ու հավաստիությունը ավելի կարևոր են, քան արագությունը, և սրանով էլ հենց բացատրվում է գործընկերների կողմից ՏԱՍՍ-ի հանդեպ հավատը»:
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ նոր մեդիաները պետք է տեղեկատվությունը մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց լինեն, իսկ լրագրողները չհետապնդեն այլ խնդիրներ. «Հենց հիմա էլ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ լրագրողները մտել են քաղաքական դաշտ, մի մասը` բացահայտ, մյուսները պարզապես լծվել են քարոզչական աշխատանքին: Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ խնդիրներ հենց լրագրության հետ կապված: Երբ նոր էին ստեղծվել նոր մեդիաները, մեծ աժիոտաժ էր առաջացել, որովհետև հասկանալի էր դարձել, որ խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել: Սակայն, երբ անցավ մի քանի տարի, պարզվեց, որ քարոզչությունն ու մանիպուլյացիաներն են ստացել այն հնարավորությունները, որոնք երբեք չունեին: Մարդկանց մի մասը համարում է, որ նոր մեդիաները ժողովրդավարացման ճանապարհն են, իսկ մյուս մասը կարծում է, որ սրանք ճանապարհն են տոտալ վերահսկողության: Պարզ չէ, թե որն է ճիշտը, հայտնի կլինի մի քանի տարի հետո, քանի որ դեռ տրանսֆորմացիաների փուլն է»:
«Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանն էլ մտահոգված է՝ դասական լրագրությունն այսօր կանգնած է մարտահրավերների առաջ. ըստ նրա՝ հասարակությունն այսօր լրատվամիջոցներին ոչ այնքան համարժեք է ընկալում:
Անդրադառնալով ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, թե ՀՀ ժուռնալիստների միության գործունեությունն այնքան էլ հստակեցված չէ, պարոն Մկրտչյանն նկատեց, որ ինքը ևս այդ միության անդամ է, բայց 20 տարի է՝ չգիտի թե այն ինչով է զբաղվում: Ըստ նրա՝ պետք է այդ հարցում միասնական լուծում գտնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ