Այսօր՝ նոյեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Ս. Շ.-ի դատավարությունը: Նա 2018թ. հուլիսի 11-ին, ժամը 23-ի սահմաններում Կոթի գյուղի կենտրոնում փակել է « ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկող իր 2 համագյուղացիների ճանապարհը, դանակով հարձակվել է ավտոմեքենայի վրա, ապա դանակով դիտավորյալ հարվածել ավտոմեքենայից իջած համագյուղացիներից մեկի գլխի աջ քունքային շրջանին եւ պատճառել առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը»)եւ 137 հոդվածով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը»):
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը, նա այժմ գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ