Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո քեզ բանտերում պահում»

Նոյեմբեր 23,2018 17:23

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլա»-ի հայտնի քրեական գործով մեղադրյալ Սամվել Բաբայանը մինչեւ վերջ պայքարելու է արդարացման համար, ուստի համաներման մասին չի էլ ցանկանում կարծիք հայտնել. «Դա ինձ չի վերաբերում: Այն ժամանակ էլ եմ ասել, որ ինձ համաներում պետք չի: Ես գնալու եմ մինչեւ Եվրադատարան, մինչեւ արդարացում լինի»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա:

Բաբայանը նշեց. «Առաջին օրը հեռուստատեսությամբ հայտարարվեց, թե ես «Իգլա» եմ բերել, բայց այն չկա: Ես պահանջելու եմ, տեսնեմ՝ այդ ո՞վ է բերել, ո՞ւր է»:

Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Բաբայանը վստահեցրեց. «Ես ընդամենը ստացել եմ այն հինգ հազար դոլարը, որը պարտք են եղել ինձ, եւ իրենք շատ լավ դա գիտեն, դատարանում էլ կհաստատվի դա»:

Իսկ թե ով էր իր դեմ քրեական գործի պատվիրատուն, Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ մեկ անգամ դատարանում հայտնել է այդ մասին՝ ասելով, որ այս երկրում մեկ մարդ է հարցեր լուծում, նա էլ պատվիրատուն է: Այդ ժամանակ լրագրողը ճշտող հարց էր ուղղել՝ «Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք»: Բաբայանը պատասխանել էլ՝ «դուք ինքներդ ասացիք անունը»: Այսօր էլ Սամվել Բաբայանն ընդգծեց. «Ես անուն-ազգանուն չեմ տալիս: Երբ մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում քեզ բանտերում պահել…ի՞նչ կա չհասկանալու»:

Սամվել Բաբայանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանն իր հետ կապ հաստատելու փորձ չի արել այս ընթացքում. բացառություն է դեպքը, երբ իրեն առաջարկել են ազատության դիմաց դատապարտել ժողովրդական շարժումը:

Նա քաղաքականության մեջ մտնել չի պատրաստվում, որեւէ ուժի չի սատարելու արտահերթ ԱԺ ընտրություններում, այլ հետեւելու է զարգացումներին: Իսկ թե ինչ հարաբերություններ ունի ՀՀ նոր իշխանությունների հետ, Բաբայանը հայտնեց. «Բոլորին նորմալ եմ վերաբերվում: Ես միշտ բոլորի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից»:

Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով դատավարությունն այսօրվանից սկսվելու է զրոյից, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանն ամիսներ առաջ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը:

https://www.facebook.com/aravot.am/videos/308388219769684/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930