Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյանը խոսեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կատարած աշխատանքների եւ անելիքների մասին

Նոյեմբեր 23,2018 17:19

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտարարեց, որ խոսելու է նախարարության՝ ըստ ուղղվածությունների ընդհանուր աշխատանքների մասին, որից հետո պատասխանելու է լրագրողների հարցերին:

Սպորտի բարձրագույն նվաճումներ

«Մրցաշրջան 2018-ում այս պահի դրությամբ ունենք 173 մեդալ: Բայց չորս մարզաձեւեր դեռ չեն ավարտել մրցումները եւ սպասում ենք, որ մեդալների թվաքանակը կավելանա: 2019 թվականը մեծ սպորտում շատ դժվար է լինելու մեր համար, որովհետեւ նախաօլիմպիական տարի է եւ բոլորս՝ ֆեդերացիաների, հավաքական թիմերի հետ միասին նախապատրաստվելու ենք օլիմպիական խաղերի վարկանիշեր ձեռքբերելուն: Եկող մրցաշրջանում կայանալու են նաեւ 2-րդ Եվրոպական խաղերը Մինսկում: Դեռ մեկ ուղեգիր ունենք՝ թիավարությունից: Երկու տարի առաջ Բաքվում կայացած Խաղերին Հայաստանից մասնակցում էր 25 մարզիկ: Հույս ունենանք, որ այդ թիվը Բելառուսում կգերազանցվի: Ինչն է լավ այս Եվրոպական խաղերում: Ծրագրում ընդգրկված 15 մարզաձեւերից 10-ը Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր են տալու:

2019 թվականին սպորտային բժշկության կենտրոնի եւ հակադոպինգային կենտրոնի հետ համատեղ իրականացնելու ենք լուրջ ծրագրեր: Գիտամեթոդական ուղղվածություն ունեցող համատեղ խումբ է աշխատելու, որը զբաղվելու է բժշկակենսաբանական ուղղությունները օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկների համար իրականացնելով»:

Մասսայական սպորտ:

«Այս ոլորտում իրականացնում ենք բազում ծրագրեր, որոնցում ներգրաված են ազգաբնակչության բոլոր խաղերը՝ մանկահասակ տարիքի երեխաներից մինչեւ տարեցներ: Մենք այս ծրագրերը շատ ենք կարեւորում: Եկող տարի փոփոխություններ են իրականացվելու մասսայական սպորտի ոլորտի ուղղվածություններում, որոնց վրա աշխատում են մեր մասնագետները: Ինչ արդյունք ենք ունենալու: Ունենալու ենք այն, որ ազգաբնակչությունը սիրով եւ հաճույքով գա ու ներգրավվի առողջ ապրելակերպ վարելուն: Եթե ասում ենք, որ այո՝ ցանկալի է, որ մարդիկ զբաղվեն ֆիզիկական կուլտուրայով, պետք է կարողանանք շահագրգռել: 16 նոր ծրագիր կա, որոնք աշխատելու ենք անպայման կյանքի կոչել»:

Երիտասարդական պետական քաղաքականություն:

«Այստեղ էլ ուզում եմ նշել եւս մի քանի կարեւոր ծրագիր, որոնք գործի են դրվել: «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը, «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2018» ծրագիրը, «Երիտասարդ աշխատողի վերապատրաստում» ծրագիրը, որում ներգրավվելու է 20 երիտասարդ եւ շարունակվող «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Արմավիր, Կապան եւ Վանաձոր քաղաքները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930