Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրավիրած ասուլիսում ներկայացրեց քարոզչական ռազմավարությունն ու իրենց կարգախոսը ԱԺ արտահերթ ընտրություններում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարծիք կա, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում ներկայանում է երկու դեմքով՝ իր եւ ԼՀ-ի եւ շատերը մատնանշում են ԼՀ-ի փոխկապակցվածությունը ՀՀԿ-ի հետ, նաեւ հիշեցնում են «Բաղրամյան 26»-ի հաճախորդներ հայտնի արտահայտությունը, հիմա ո՞նց եք համոզելու ընտրողներին, որ որեւէ առնչություն չունեք նախկին իշխանությունների հետ եւ իրենց ձայնը պետք է տան հենց ձեզ: Մանե Թանդիլյանը նախ պատասխանեց, որ որեւէ փաստարկ որեւէ մեկը դրա մասին չի կարող ունենալ եւ մեր քաղաքացիները վաղուց արդեն վեր են սեւ PR-ի եւ բամբասանքների մակարդակից. «Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ հանդիպել այս ժամանակահատվածում, նրանք ուղղակի հիացած են պարոն Մարուքյանի գործունեությամբ: Երբ ասում են փոխկապակցված են, ինչ է բարեւ տա՞լն է փոխկապակցվածություն, ես էլ եմ բարեւում բոլորին: Մեծ հաշվով մեր քաղաքացիների գիտակցական մակարդակը շատ ավելի բարձր է, քան շատերը կարծում են, նմանատիպ սեւ PR-ը այլեւս չի աշխատելու»:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ 2012-ին գրեթե անհնար էր մեծամասնականով ընտրվել պատգամավոր ու այդ ժամանակից ի վեր իրեն ասում են՝ աաա՜՜, ուրեմն մի բան կա. «Այն հեղափոխությունը, որը պարոն Փաշինյանի գլխավորությամբ իրականացվեց, դա էլ էր մեր պատկերացումներում անհնար, հիմա էլ դա են սկսել ասել: Ուրեմն եկեք վեր կանգնենք այդ ամենից, ու մեկը չի կարող որեւէ փաստ ներկայացնել, որ մեզանից որեւէ մեկը երբեւէ ծառայել կամ ծառայություն է մատուցել նախորդ ռեժիմին: Որտեղ մենք եղել ենք՝ անդադար, անզիջում պայքար ենք մղել: Մենք Վանաձորում ձեւ ունեինք քաղաքային իշխանություն ձեւավորել, մենք չենք գնացել որեւէ գործարքի: ՀՀ-ում եթե ուզում են մարդուն փչացնել,, սկսում են կապել իշխանության հետ, հիմա էլ նոր իշխանության հետ են կապում, ասում են՝ ուզում եք Նիկոլ Փաշինյանի համար լինել չգիտեմ ինչ ընդդիմություն»:
Դիտարկմանը՝ վկայաբերում են նաեւ այն հանգամանքը, որ հեղափոխության սկզբնական օրերին չեք աջակցել ձեր հեղափոխական գործընկերոջը՝ Մարուքյանը պատասխանեց, որ մեծ հարց է, թե ով ինչ կերպ է աջակցել, բոլորը գիտեն, թե որտեղ են աջակցել ու ինչու են աջակցել. «Դա էլ փաստ չի, որովհետեւ կան գաղափարական տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ: Իրենք դա են արել, մենք էլ փշալարերի միջով անցել ենք, որ գանք Սերժ Սարգսյանի երեսին ասենք, թե ինչ է արել: Մարդիկ շատ լավ հասկանում են ով ով է, թերագնահատում ենք մեր ընտրողներին: Մարդիկ դեռեւս ինձ հետ Վիկտոր Դալլաքյանի փաստարկներով են խոսում: Բայց ամեն ինչի պատասխանը կա»:
Արման Բաբաջանյանը հավելեց, որ սեպտեմբերին «Ելքի» գործընկերների հետ բանակցություններ էին ընթանում՝ ընտրություններին գնալ միասին, բայց դա չեղավ՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով. «Հանուն մանդատների դա անելը պատեհապաշտություն կլիներ, երբ դու ունես խորը այլ պատկերացումներ, այլ լուծումներ եւ այլ տեսլական: Կարծում եմ, ամենաազնիվն է եղել թե՛ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի, թե՛ Էդմոն Մարուքյանի կողմից բարեկամաբար բաժանվել եւ այլ ճանապարհով շարժվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ասեմ որ մոռանաք ձեզ ձայն տալը ամոտ է ոչ առ ունեք ոչ ամոտ