Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության ու Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց՝ հասել էինք մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի. «Հեղափոխության տակ կային խորքային երևույթներ, դրանցից առաջինը տնտեսության անմխիթար, սարսափելի վատ վիճակն էր, տնտեսական համակարգը, որը տասնյակ մարդկանց համար էր ծառայում»:
Դառնալով վերջին ամիսների տնտեսական ցուցանիշներին՝ Բագրատ Ասատրյանն ասաց, որ կառավարությունը միշտ պետք է մտահոգված լինի. «Զարմանում եմ՝ կառավարության անդամներից մեկը չասաց, որ արտաքին կոնյուկտուրան, ֆոնը վատանում է: Այս տարվա մեր ամենամեծ ակնկալիքը պիտի լիներ հետհեղափոխական կայունացումը, որը կա: Դրական տեղաշարժեր ունենք՝ վարկավորման աննախադեպ աճ կա, 10-ից ավելի տոկոս աճ ունենք վարկային ներդրումների, ներքին տնտեսության մեջ կան դրական միտումներ, որին կառավարությունը պետք է ձգտի բովանդակություն տալ: Առայժմ սա բանկերի ակտիվությունն է, բայց կառավարության ծրագրերը դեռ չկան»:
Դառնալով տրանսֆերտների հարկման շուրջ աղմուկին՝ Բագրատ Ասատրյանն ասաց. «Ուղղակի սխալ արտահայտվեցին: Խնդիրը 90-ականներից դրված է: Այն ժամանակ ասում էին, որ հարկային քաղաքականության նպատակը եկամուտների ամբողջականությունն է: Խոսքը նրա մասին է, որ բոլոր եկամուտները պետք է հարկվեն: Բայց ո՞վ ասաց, որ իմ յուրաքանչյուր հարյուր դոլարը պիտի հարկվի: Եթե այդ հարյուր դոլարը իմ նվազագույն ծախսերը չի բավարարում, այդտեղից ընդհանրապես հարկում չպետք է գրանցվի, նույնպես չպետք է հարկում գրանցվի այն հարյուրի վրա, որը աշխատավարձ եմ ստանում: ՊԵԿ նախագահն ուղղակի անհաջող բան է թույլ տվել»:
Համաժողովի ընթացքում իր ելույթում Բագրատ Ասատրյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ անցյալի հետ պետք է բարիշել, անցյալի էջը պետք է փակել, իհարկե, հանցագործը պետք է բանտում լինի, բայց միակ ճանապարհը սա է։ Մանավանդ մեր տնտեսության տակ բազմաթիվ ռումբեր են այսօր դրված՝ որ ոլորտը մտնում ես, կոռուպցիոն ռիսկեր են։ Այսօր մենք բախվել ենք Ամուլսարի հետ, բայց ես Ձեզ վստահեցնում եմ՝ ամբողջ այդ ոլորտը կոռուպցիայի մեջ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ