Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ականները կարո՞ղ են ասել 5 կոռուպցիոն կեղեքիչի անուն, որ իրենց ժամանակ թալանել են ու ցույց տան, որ այրել են անցյալի կամուրջները». Մարուքյան (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2018 16:38

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու նախընտրական քարոզչության իրենց ռազմավարությունը:

Aravot.am-ը հարցրեց՝ հիմնական քննադատությունը, որ հնչում է ձեր ուժի հասցեին, այն է, որ դուք փորձում եք տեղավորվել ընդդիմադիր դաշտում, բայց անհասկանալի է, թե ում եք դուք ընդդիմություն, որովհետեւ այս 6-7 ամիսների ընթացքում ոչ մի թթու խոսք չեք ասել իշխող ուժի հասցեին, սովորույթի ուժով քննադատում եք ՀՀԿ-ին, հիմա ձեր քարոզարշավը ինչպե՞ս եք կառուցելու: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ սովորույթի ուժով ՀՀԿ-ին չեն քննադատում, պարզապես լրագրողներն են սովորույթի ուժով իրենց ՀՀԿ-ից հարցեր տալիս, իրենք էլ ստիպված պատասխանում են, որովհետեւ եթե ասեն՝ կներեք, էլի ՀՀԿ-ի մասին բան մի հարցրեք, այլ տպավորություն կստեղծեն. «Նախ, երկրում այս պահին զրոյական վիճակ է, երբ ասում ենք, որ դեկտեմբերի 9-ին ժողովուրդն ընտրելու է ընդդիմություն, խոսքը 7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմություն լինելու մասին է: Մենք այս 6-7 ամիսների ընթացքում թույլ չենք տվել սաբոտաժի հնարավորություն, ռեւանշ ասեմ, հակահեղափոխություն ասեմ, չգիտեմ: Ճիշտ ենք արել, որեւէ րոպե չենք կասկածել դրա մեջ: Մենք կառավարության մեջ մեր կադրերն ենք ունեցել, տիկին Թանդիլյանը իր պրոֆեսիոնալ գիտելիքները ներդրել է ու աջակցել անցումային կառավարությանը: Հիմա դրա կարիքը չկա, հրաժարական է տվել, վերադարձել է, որ մենք գնանք մեր ճանապարհով, որովհետեւ քաղաքական այն միավորը, որը ստանձնել է պատասխանատվությունը, կարիք չունի կոալիցիայի, արհեստական կոալիցիայի անդամ երբեք չենք կարող լինել, դա կլինի պատեհապաշտական բան, մեզ ոչ հարիր բան: Այն, որ ՀՀԿ-ն ասում է՝ մենք ենք մենակ քննադատել, ուրեմն մենք ենք ընդդիմություն, դա փաստարկ չի, նախ, քննադատելով ընդդիմություն չեն դառնում, գործողություններով են դառնում: Բացի քննադատելը, նրանք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել են, որ հետ վերադառնան՝ չի ստացվել: Եթե դա դիտարկվում է, որպես ընդդիմություն, դա այլ հարց է: Վերջին հաշվով, եթե ՀՀԿ-ականներն ուզում են լինել ընդդիմություն, պետք է այրեն անցյալի հետ բոլոր կամուրջները, պետք է ասեն, որ սխալ են արել Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետ ընտրելով, ոչ միայն ՀՀԿ-ականները, այն ուժերը, որոնք քվեարկել են: Իրենք կարո՞ղ են ասել 5 կոռուպցիոն կեղեքիչի անուն ու ասեն՝ այ դրանք մեր ժամանակ թալանել են ու մենք ինչ-ինչ պատճառներով լռել ենք, կարո՞ղ են 5-ի անուն հրապարակել ու ցույց տան, որ իրենք այրել են կամուրջները այդ մարդկանց հետ»:

Մարուքյանը նաեւ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի ղեկավարը. «Ես չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները ունեն նման զգացողություն, որ նա ընդդիմություն է: Եվ հետո վերջին հաշվով ի՞նչ է ընդդիմություն՝ ապագա իշխանությունն է, ես էլի չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին տեսնում են՝ որպես ՀՀ ապագա իշխանություն, կարող է մի 20 տարի հետո, երբ ՀՀԿ-ն վերափոխված գա, բայց հիմա ես ոչ իրենց ցուցակում եմ վերափոխված բան տեսել…եթե դուք չհարցնեք ինձ ՀՀԿ-ից, ես այլեւս երբեւէ չեմ անդրադառնա ՀՀԿ-ին, որովհետեւ իրենք մեզ համար թիրախ չեն»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ երբ ընտրողին դուք մոտենաք, ի՞նչ պետք է ասեք, ինչի՞ համար ձեզ ձայն տան, ասեք՝ «Լուսավորիր Հայաստանը», կասեն՝ կընտրենք լույսի մարդուն՝ ՀԷՑ-ին կընտրենք՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե դուք կարծում եք, որ ընտրողը լուսավորը միայն լույսի հետ է կապում, մեր ընտրողների մասին շատ վատ կարծիքի եք: Բոլորը հասկանում են, որ ԼՀ-ն լուսավորական գաղափարախոսության վրա խարսխված քաղաքական միավոր է, գիտության, կրթության, մարդու ազատությունների, մարդու անհատական իրավունքների, արժանապատվության վրա խարսխված քաղաքական միավոր է: Մենք ասելու ենք ընտրողին, օրինակ՝ ես, Մանե Թանդիլյանը, Գորգիսյանը, տեսել են, չէ՞ մենք ոնց ենք աշխատել, առաջարկներ ենք արել անընդհատ, բախվել ենք պատին, հիմա պատը քանդված է ու կարող ենք մեր ներդրումն ունենալ ՀՀ պետականաշինության գործում»: Մանե Թանդիլյանն ասաց, որ ասելու են՝ «մեզ պետք է ընտրեք, որովհետեւ մենք ամենալավն ենք ու դուք ստիպված չեք ընտրել չարյաց փոքրագույնին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930