Այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե այս ամիսների ընթացքում որքա՞ն ներդրում է կատարվել, արդյոք հեղափոխությունը նպաստե՞լ է ներդրումների աճին: Ի պատասխան՝ պարոն Խաչատրյանն ասաց, որ հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա:. «Հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր: Երկարաժամկետ առումով սա կունենա իր ազդեցությունը: Հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից, ոչ թե կարճաժամկետ»:
Նրա վստահեցմամբ, ցուցանիշները լինելու են բարձր: Թե երբ՝ պարոն Խաչատրյանը չասաց, խորհուրդ տվեց սպասել:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փոքր եւ միջին բիզնեսը իրենց ուշադրության տակ է. «ՓՄՁ-ն տնտեսական օգուտներ է ապահովում մասնակիցների համար: ՓՄՁ աջակցությունը նպատակ ունի առաջին հերթին բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը, որովհետեւ նրանք խոցելի են, կրճատել ՓՄՁ-ների համար առկա ռիսկերը, որոնք տեղեկացվածության պակասով են պայմանավորված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ