Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ էլի, բան չասեմ, թե չէ վարչական ռեսուրսս ահավոր կչարաշահվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի կարգախոսի մասին

Նոյեմբեր 23,2018 16:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Նա խոստացավ հարցերին պատասխանել, երբ կշրջի Արամի փողոցում և կծանոթանա Հին Երևան ծրագրի ընթացքին: Արամի փողոցում լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրին՝ ՀՀԿ-ն իրեն մեղադրում է, թե պաշտոնական լիազորությունները, վարչական ռեսուրսը չարաշահում է և քարոզարշավից շուտ քարոզչություն իրականացնում աշխատանքային ժամերին: Ըստ ՀՀԿ-ականների՝ դա նաև միջազգային չափանիշներին է հակասում: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ի՞նչ քարոզչություն եմ իրականացրել: Այդ միջազգային չափորոշիչները ձեր կայքերում հրապարակեք, թող ձևակերպեն միջազգային չափորոշիչը որն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ի՞նչ անի, սենյակից դուրս չգա՞»:

Այն հիշեցմանը՝ նոյեմբերի 24-ի երթը ևս շահարկվում է, հարցին՝ երթը նախընտրական բնույթ չունի՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ամսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, խախտո՞ւմ էինք, թե ոչ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունն էր առջևում, կամ որ գնացել էինք Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ…»:

Նիկոլ Փաշինյանն այս առիթով հայտարարեց՝ առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, թող ասեն՝ որ մեկը գիտի, որ վարչապետը սահմանափակված է որևէ օր, որևէ հավաք անելու. «Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ: Քարոզարշավի համար սահմանված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով որևէ քարոզչություն անելու, քաղաքական ուժերն անընդհատ պիտի քարոզչություն անեն»:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ուժերը ստուգելու խնդի՞ր ունեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչի՞ մասին ենք խոսում: Ո՞ւմ ուժերը: Ես միշտ շփվել եմ, շփվում եմ ժողովրդի հետ և շարունակում եմ: Երթն ունի քայլելու բնույթ: Ցույց տվեք այդ միջազգային չափանիշները. հրապարակեք այդ չափանիշները: Հերիք է ՀՀ-ում խոսեն առանց հիմնավորումների: Թող ցույց տան այդ չափանիշները: Հիմա ես խախտում եմ քարոզչությունը: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել ՔՊ-ին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ուրեմն չարաշահեցի՞ ընտրական օրենսգիրքը: Ասում եմ՝ թող ներկայացնեն այդ չափանիշները»:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ ամենամտահոգ քաղաքացին կանգնած է հենց հիմա ձեր առաջ:

Հարցին՝ նոյեմբերի 26-ին գնալո՞ւ է արձակուրդ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ԸՕ-ն այդպիսի պահանջ դնո՞ւմ է արձակուրդ: Ոչ, չի դնում: Ես իմ նախընտրական քարոզչությունն եմ անում եմ 2007-ին և այն չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում»:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ մեր վարկանիշի հետ կապված միայն դրական շարժեր եմ տեսել:

Այն, որ հեռուստամարաթոնին այսօր այս տարի ավելի քիչ գումար հանգանակվեց, Նիկոլ Փաշինյանը դա պատճառաբանեց անցումային փուլով, նաև տնօրենի հետ կապված քրեական գործով:

Այն փաստմանը, թե ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում փողոցում քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Լո՞ւրջ եք ասում: Չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունը»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական ուժերի համար արդեն անհավասար պայմաններ են. «Քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել, քարոզչություն անել, կան, որ չեն կարող: Ի՞նչ անենք՝ ՀՀԿ-ին զոռով տանե՞նք փողոցում կանգնեցնենք: Ոչ մեկ ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործելու քարոզարշավի ընթացքում»:

Հարցին՝ ի՞նչ լուծումներ են առաջարկվում Վերածնունդ ծրագրի շահառուների խնդիրները լուծելու համար, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ԿԲ-ի հետ պայմանավորվածություն ունեն, որ լուծումներ կտրվեն:

Հարցին՝ ընտրությունների ընթացքում քանի՞ տոկոս են ակնկալում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հիմա որ ասեմ, վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ կլինի: Հիմա տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահել են: Ով կմիանա նրանց, ազատ են: Ընդդիմության տեղերը երաշխավորված է Սահմանադրությամբ և որոշում է ժողովուրդը: Հիմա ձեզ թվում է՝ ես գծում եմ սա՝ սրան, սա՝ նրան, թող ժողովուրդը որոշի՝ ով լինի ընդդիմություն, ով իշխանություն, ով դուրս շպրտվի քաղաքական գործընթացից: Մենք իշխանությունը կորցնելուց հետո նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու ենք»:

Այն, որ ՀՀԿ-ն հայտարարում է, թե բոլորը գրպանային ընդդիմություն են, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գրպան բառը իրենց խորհուրդ ենք տալիս զգույշ օգտագործել: Իրենք փողոց դուրս չեն գալիս և այդպես»:

«Սասնա ծռերի» մասնակցությանը ընտրություններին Նիկոլ Փաշինյանը վերաբերվում է այնպես, ինչպես մնացած բոլոր ուժերինը: Քարոզարշավի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կրկին սկսելու են Շիրակից, քանի որ փորձը ցույց է տալիս՝ ինչ Գյումրիից սկսում է, հաջողությամբ է ավարտվում:

«Նիկոլ վարչապետ» կարգախոսի մասին Փաշինյանն ասաց, որ ընտրություններն ուղղակի առումով վարչապետի ընտրություններ են և կարող է լինել վարչապետի ընտրության մասին կարգախոս:

ՀՀԿ-ի կարգախոսի մասին հարցին ի պատասխան Փաշինյանը ծիծաղով ասաց. «Հույս ունեի, որ այդ հարցը չեք տա: Լավ էլի, բան չասեմ, թե չէ վարչական ռեսուրսս ահավոր կչարաշահվի»:

Դառնալով հարցին արդյոք Բելառուսի հետ կրքերը հանդարտվե՞լ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է և լինելու է ուժի մեջ»:

Դառնալով Մանվել Գրիգորյանի՝ կյանքին վտանգ սպառնալը և այն հարցին՝ արդյոք նրա նկատմամբ վենդետա՞ է իրականացվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ տեղի է ունեցել, ձեր աչքի առաջ է տեղի ունենում: Բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա չի լինի: Այդ հարցով դիմեք դատական և քննչական մարմիններին: Ի՞նչ եք ուզում ինձնից, որ ասեմ: Թող լինի դատաբժշկական փորձաքննություն, դատարանը որոշի: Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որ վկայում է՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ»:

Ռոբերտ Քոչարյանի հետ զուգահեռներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետական պահպանության ենթակայության անձ է: Մենք ոչ մեկին չենք չեզոքացնում, իրենք իրենց են չեզոքացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930