Բուն լոբբիստական գործունեության տեսանկյունից, իհարկե, կարևոր են ոչ միայն օրենսդրական գործընթացին նվիրված ձևական իրավանորմերի առկայությունը, այլև դրանց իրական կիրառման համար հասարակության մեջ առկա պայմանների և միջավայրի առկայությունը։ Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանում լոբբիստական գործունեությունը բավարար չափով զարգացած չէ, չկան լոբբիզմի զարգացման համար անհրաժեշտ իրավական, քաղաքական և սոցիալական պայմաններ։ Մասնավորապես՝ ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չկա լոբբիստական գործունեությունը կարգավորող առանձին օրենք, հետևաբար հասարակության շահառու շերտերի կողմից օրինագծերի առաջադրման Ազգային ժողովում քննարկվող օրինագծերի բովանդակության վրա ներազդելու, օրենսդրական գործընթացի ընթացքում սոցիալական տարբեր շերտերի շահերը հավասարակշռելու հիմնախնդիրները մեր իրականությունում ձեռք են բերել հախուռն բնույթ և հիմնականում մատնված են ինքնահոսի։
Լոբբիստական գործունեության օրենքի ընդունման հեռանկարների վերաբերյալ պետության դիրքորոշումը ճշտելու համար մենք դիմեցինք արդարադատության նախարարություն, որտեղից ստացանք գրություն առա այն, որ «Լոբբիստական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2006 թվականի մայիսի 22-ի նստաշրջանի օրակարգ, սակայն չորսօրյա նիստերի օրակարգ չի ընդգրկվել: Նստաշրջանի ավարտից հետո նախագիծը մեխանիկորեն դուրս է եկել օրակարգից, իսկ հաջորդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը լոբբիստական գործունեության վերաբերյալ նախագիծ այլևս չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Արդարադատության նախարարության պատասխանից կարող ենք եզրակացնել, որ լոբբիստական գործունեության մասին օրենքի ընդունման վերաբերյալ Հայաստանի քաղաքական համակարգում թեև առկա է որոշակի բանավեճ և օրենքի ընդունման անհրաժեշտությունը սկսել է գիտակցվել պետական իշխանության և քաղաքական որոշ շրջանակների կողմից, սակայն նման օրենքի սոցիալ-քաղաքական պահանջարկը դեռևս այն աստիճանի չէ, որպեսզի լոբբիստական գործունեության մասին օրենքի ընդունումը դառնա իրականություն։
Հայաստանում ձևավորված պառլամենտարիզմի ավանդույթները և ընդհանուր առմամբ հասարակության սոցիալական կառուցվածքի բնույթը ձևավորում են մի իրականություն, որում լոբբիստական գործունեությունը չունի պահանջարկվածության բարձր մակարդակ։ Պառլամենտարիզմի ավանդույթների հետ կապված նախորդ ենթակետում մենք հակիրճ ներկայացրեցինք Հայաստանի քաղաքական համակարգի բնույթը և մասնավորապես իշխանությունների տարանջատման ոչ հետևողական կիրառությունը, ինչի արդյունքում Հայաստանում պետական իշխանությունը, և մասնավորապես օրենսդիր ու գործադիր իշխանությունները կենտրոնացել են հիմնականում մեկ քաղաքական ուժի ձեռքերում։ Այս հանգամանքը քաղաքական մրցակցությունը Հայաստանում հասցրել է նվազագույնի։
Ինչ վերաբերում է հասարակության սոցիալական կառուցվածքին, ապա պետք է նշել, որ լոբբինգն արդյունավետ է գործում ժողովրդավարական կառուցվածք ունեցող հասարակություններում, որտեղ սոցիալական խմբերից և ոչ մեկը (ոչ ռեսուրսային, ոչ քանակական) ակնհայտ առավելություն չունի մյուս խմբերի նկատմամբ: Սոցիալական խմբերի հետ հարաբերական հավասարությունը և ինքնուրույնությունը կամ ռեսուրսային ինքնաբավությունը հանգեցնում է նրանց միջև մրցակցության, քանի որ որքան էլ սոցիալական խմբերը լինեն ինքնուրույն, ինքնաբավ և հետապնդեն որոշակի սեփական նպատակներ, այդուհանդերձ, իրենք փոխկապված են, քանի որ հասարակությունը ինքը հետևում է մարդկանց բնականոն կերպով շահերի համադրման և փոխադարձ կապերի հիման վրա: Այսինքն՝ մարդիկ տարբեր թելերով կապված են միմյանց հետ և չեն կարող գոյատևել միմյանցից մեկուսացած վիճակում:
Սոցիալական խմբերի ինքնաբավության և ազատականության կարևոր նախապայմաններից է եկամուտների աղբյուրների հարաբերական ապակենտրոնացվածությունը, որի շրջանակներում յուրաքանչյուր անձ և սոցիալական խումբ իրական հնարավորություն ունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, դրանից ստանալ եկամուտ, մրցակցել այլ տնտեսվարող սուբյեկտների հետ, մրցակցային պայմաններում հավակնել որոշակի վարձատրությամբ աշխատանքի, զբաղվել մշակութային գործունեությամբ և օգտվել անհատի ինքնադրսևորման՝ հասարակության և պետության ընձեռած բազմաթիվ այլ հնարավորություններից։
Նման մրցակցային և ժողովրդավարական սոցիալական կառուցվածք ունեցող պետություններում հասարակության անդամները ելնելով իրենց սոցիալական վիճակից, զբաղմունքից և այլ առանձնահատկություններից միավորվում են որոշակի սոցիալական կառուցվածք ունեցող միավորներում (արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ և այլն)։ Այդ միավորումների շնորհիվ տեղի է ունենում մարդկանց միավորում որոշակի սոցիալական խմբերում, որոնց շահերի սպասարկմանն ու պաշտպանությանն են ուղղված վերը թվարկված միավորումները։
Մրցակցող սոցիալական խմբերը, ունենալով որոշակիորեն համադրելի նյութական ռեսուրսներ, քաղաքական համակարգում պայքար են մղում պետության կողմից համապատասխան օրենքների և որոշումների ընդունման միջոցով իրենց շահերի հնարավոր առավելագույն պաշտպանության համար։ Պետական որոշումների կայացման վրա շահառու սոցիալական խմբերի ներազդեցության գործընթացը պահանջում է որոշակի իրավական-պետական կանոնակարգում։ Այստեղից էլ առաջանում է լոբբիստական գործունեությունը և այն կարգավորող օրենսդրությունը։
Հայաստանի Հանրապետության սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ առկա է էական անհամաչափություն սոցիալական խմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի և տիրապետած նյութական ռեսուրսների միջև։ Չկա եկամուտների աղբյուրների, աշխատատեղերի ապակենտրոնացում։ Նյութական ռեսուրսների, արտադրության միջոցների գերակշիռ մասը կենտրոնացած է մեկ սոցիալական խմբի մոտ, որը իր ձեռքում է կենտրոնացրել նաև քաղաքական իշխանությունը, ներկայացված լինելով թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում։ Ի տարբերություն նշված սոցիալական խմբի, որը պայմանականորեն կարող ենք անվանել խոշոր կապիտալիստների և բյուրոկրատիայի սոցիալական խումբ, մանր և միջին ձեռներեցները, վարձու աշխատողները և հասարակական մյուս խմբերը չունեն բավարար ռեսուրսային ինքնաբավություն, ազատականություն, ինքնակազմակերպման բարձր մակարդակ, ինչի հետևանքով հիմնականում ներկայացված չեն Ազգային ժողովում և չեն ներազդում կառավարության գործունեության վրա։ Նրանք իրենց մեծամասնության մեջ կախված են խոշոր կապիտալիստների և բյուրոկրատիայի սոցիալական խմբից։ Այդ կախվածությունն ունի ամենատարբեր դրսևորումները, սկսած աշխատանքային հարաբերություններից և վերջացրած արյունակցական, բարեկամական կապերով։
Այս պայմաններում սոցիալ-քաղաքական օրակարգը լեգիտիմորեն ձևավորվում և իրականացվում է ի շահ տիրապետող սոցիալ-քաղաքական խմբի, քանի որ վերջինս ունի մեծ ազդեցություն և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության վրա ու կարողանում է հասնել իր համար ցանկալի օրենքների և որոշումների ընդունմանը։ Ակնհայտ է, որ եթե հասարակության մեջ չկա առողջ մրցակցություն, սոցիալ-քաղաքական օրակարգը չի ձևավորվում հասարակության տարբեր խմբերի միջև փոխզիջման արդյունքում, խորհրդարանում չկա տարբեր շահառու խմբերի հարաբերականորեն համամասնական ներկայացվածություն, ապա լոբբիստական գործունեությունը, որպես այդպիսին, որոշ իմաստով դառնում է առարկայազուրկ, քանի որ լոբբիզմը գործում է այն ժամանակ և այնտեղ, երբ և որտեղ առկա է սոցիալական ազատություն և քաղաքական մրցակցություն։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ թեև Հայաստանում գործում են սոցիալական, քաղաքական և պետական ինստիտուտներ, որոնց գործունեությունը կարգավորվում է ժողովրդավարական կանոններով, այդուհանդերձ, սոցիալական պրակտիկան այնպիսին է, որ օրենքները ձևականորեն լինելով՝ լեգիտիմ չեն հանդիսանում հասարակական կոնսենսուսի հետևանք։ Հետևաբար լոբբիզմի հետ կապված հարցերը Հայաստանում կա՛մ արդիական չեն, կամ էլ կարգավորվում են լրիվ այլ խաղի կանոններով, որոնք որ դասական լոբբիզմի տիրույթից դուրս են :
Ստորև ներկայացնենք նկարագրված սոցիալական իրականության մեկ գործնական դրսևորում։ Այսպես, Ազգային ժողովում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեությունը (հաշվետվությունը) և այդ նույն պատգամավորները համառորեն պնդեցին, որ պետք է Հանրային հեռուստաընկերությունը գովազդ չունենա, բայց դրա տակ իրենք շահեր էին հետապնդում: Շահն այն էր, որ Հանրային հեռուստաընկերությանը տրվող գովազդը տեղափոխվի մասնավոր հեռուստաընկերությունների դաշտ: Այսինքն՝ պատգամավորներն իրենք են լոբբինգ իրականացնում, քանի որ բիզնեսն անմիջականորեն է ներգրավվում պատգամավորական գործունեության մեջ: Եվ քանի որ խորհրդարանի կեսը խոշոր գործարարներ են, որոնք նաև ունեն բավական լուրջ իշխանություն և կապեր օրենսդիր ու գործադիր իշխանության թևերում, դա անմիջականորեն օգտագործում են իրենց բիզնես, մասնավոր շահերի սպասարկմանը: Հայկական պառլամենտարիզմն այնքան չի կայացել, որ բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից և Ազգային ժողովում աշխատեն պրոֆեսիոնալ օրինաստեղծներ ու քաղաքական գործիչներ, իսկ հասարակական տարբեր շրջանակներ իրենց շահերը առաջ մղելու համար ցանկանան տեսնել պրոֆեսիոնալ լոբբիստների, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ խնդիրը: Այստեղից էլ բխում է լոբբիզմի հանդեպ համընդհանուր պահանջարկվածության բացակայությունը:
Դիանա ՄԱՆՈՒԿՅԱՆ