«Հայաստանում ներդրումների մեծ հոսք ապահովելը շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ տնտեսության ծավալը, ներքին շուկաների ծավալը բավական փոքր է, որ մտածենք մեծածավալ ներդրումներ ներգրավելու մասին, ներդրումների մակարդակը շարունակում է հեռու մնալ այն ցանկալի ցուցանիշից, որ անհրաժեշտ է կայուն աճ ապահովելու համար»,-այսօր ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ նախարարությունում կազմակերպված ասուլիսում: Նրա խոսքով, բիզնես միջավայրը համեմատվող աշխարհի հետ ներդաշնակ, համահունչ դարձնելու համար հարկերի վճարման իրավահարաբերությունների, պայմանագրերի կիրարկման ոլորտները պետք է բարելավվեն:
Նախարարը նաեւ ասաց, որ կան թույլ օղակներ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է ավելի ուշադիր լինենք: Ըստ Տիգրան Խաչատրյանի, անհրաժեշտ է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճ գրանցել: Այս առումով, նախարարի խոսքով, կան հարցեր, որոնք պետք է լուծվեն, որոնցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն է: Հակառակ դեպքում, ըստ նախարարի, եթե կա կոռուպցիա, ներդրումների կատարմանը երկարաժամկետ տեսանկյունից վնաս է կհասցվի:
Տիգրան Խաչատրյանը նաեւ ասաց՝ «Պետություն-մասնավոր շրջանակ գործընկերության շրջանակներում ծրագրային առաջընթաց է պետք, բավարար իրավական կարգավորումներ են պետք, որ մասնավոր հատվածում ներդրում կատարողը պետության հետ նախապես քննարկի, պայմանավորվի, թե ինչպես կարող է պետությունը մեղմել հնարավոր կորուստները, վնասները»:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին, նախարարն ասաց, որ Եվրասիական տնտեսական գոտու տարածքում ապրանքների ու ծառայությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել ու վերացնել առկա խոչընդոտները: Նախարարը նշեց, որ Եվրամիության ուղղությամբ դեռ անելիքներ ունենք, կան չիրացված հնարավորություններ:
Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, վերջին վեց ամիսների ընթացքում, Տիգրան Խաչատրյանի խոսքով, կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մրցունակությունը. «Հայաստանում մեկ աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք: Արեւմտյան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը 12 անգամ բարձր է: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում մասնավոր հատվածը ներկայացնող ձեռնարկություններում արտադրողականությունը բարձրանա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ցանկացած երկրում ամենամեծ ներդրողն սպառողն է,եթե աշատավարձի,թոշակի բարձրացում չի եղել,բնակչության թիվը չի ավելացել,տնտեսական աճ ինչի հաշվին պետք է իրականացվի՝երևի միայն արտաքին տրանսֆերների հաշվին?