Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ավելի վաղ հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները չեն հրավիրվել Թբիլիսիում Եվրամիության «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի տասներորդ ամենամյա վեհաժողովին:
Ավելին, Ադրբեջանում վրդովմունք էր առաջացրել այն հանգամանքը, որ Վեհաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ բացակայում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման մասին կետն այն դեպքում, երբ նման կետ կա Վրաստանի և Ուկրաինայի մասով:
«Եթե «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին չհրավիրելու փաստը հաստատվի, ապա դա, իհարկե, Արևելյան գործընկերության համար չի լինի դրական տարր»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արդեն արտահայտել է իր վերաբերմունքը պաշտոնական Բաքվի կողմից այդ ֆորումին մասնակցելու հրավեր չստանալու նկատմամբ:
Ավելին, հայտարարվել է, որ այդ հարցը քննարկվում է Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության կողմից:
«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության հատուկ ծրագիր է՝ ստեղծված Եվրամիության ինտեգրացիոն կապերի զարգացմանը վեց հետխորհրդային երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ:
Թբիլիսիում նախատեսված ֆորումին կլինեն ներկայացուցիչներ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի (սպասվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը) կառավարություններից: Սակայն Ադրբեջանի մասնակցությունը սահմանափակվում է Վրաստանում երկրի դեսպանության ներկայացուցչի ձևաչափով, ընդ որում՝ դիտորդի կարգավիճակով:
Իսկ այդ ընթացքում Թբիլիսիում դեկտեմբերի 10-12-ը նախատեսվող «Արևելյան գործընկերության» ֆորումի շուրջ աղմուկը շարունակում է աճել:
Ադրբեջանին անտեսելու պատճառների վերաբերյալ իր կարծիքը haqqin.az-ին հայտնել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրոսլավ Միտրոֆանովը:
«Դրանք կարող են լինել դիվանագիտական բարդություններ, այդ թվում նաև՝ ժամանակավոր: Սակայն, ընդհանուր առմամբ, ցանկանում եմ նշել, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրն ինքը բոլոր ուղղություններով տեղապտույտ է անում: Պաշտոնապես այն սառեցված չէ, սակայն փաստացի ոչ մի ակտիվ գործունեություն չի նկատվում: «Արևելյան գործընկերությունը» դադարել է Եվրամիության համար առաջնահերթություն համարվել Ուկրաինայի իրադարձություններից և այնտեղ ոչ մի կերպ չավարտվող ճգնաժամից հետո»,- ասել է նա:
Հարցին՝ ինչի հետ կարող է կապված լինել այն հանգամանքը, որ նախատեսված հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, Միրոսլավ Միտրոֆանովը պատասխանել է. «Բաքուն պետք է այդ մասին ուղիղ հարցնի (ֆորումի կազմակերպիչներին-խմբ.): Չեմ բացառում, որ խնդիրը լոբբիստական գործունեությունն է»:
Այս աղմուկից հետո «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն haqqin.az-ի խմբագրություն հայտարարություն է ուղարկել Թբիլիսիում նախատեսվող ֆորումի նախապատրաստման մասին: Կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ի պատասխան ադրբեջանական զանգվածային տեղեկատվության միջոցներով, մասնավորապես Virtualaz.org, Haqqin.az и Modern.az կայքերով, տարածված քննադատական նկատառումներին առ այն, որ «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի 2018թ. ամենամյա վեհաժողովի հյուրերի ցանկը պարունակում է ուշագրավ բացթողումներ և որ ամենամյա վեհաժողովի բանաձևի նախագծում չեն հիշատակվում «Արևելյան գործընկերության համար հիմնական խնդիրներ, «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն ընդգծում է, որ
Ամենամյա ասամբլեայի նախապատրաստումը շարունակվում է, իսկ այդ միջոցառման համար հյուրերի ցանկը դեռևս համալրվում է: Ղեկավար կոմիտեն ուրախ կլինի ողջունել բարձր մակարդակի մասնակիցների ոչ միայն քաղաքացիական հասարակությունից, այլև Արևելյան գործընկերության մասնակից-երկրների կառավարություններից:
Նախատեսվող բանաձևը, որը նվիրված է 1918թ. անդամ-երկրների մեծ մասի անկախության հռչակման 100-ամյա տարելիցին, և որը կներկայացվի Վեհաժողովի հաստատմանը, դեռևս նախագծի տեսք ունի, և պատվիրակները դեռ պետք է փոփոխություններ կատարեն: Ուստի փաստաթղթի ցանկացած քննարկում այս փուլում ժամանակավրեպ է: Մենք թախանձագին կոչ ենք անում ամենամյա վեհաժողովի լուսաբանմանը հրավիրված լրատվամիջոցներին մինչև փաստաթղթի բովանդակությունը մեկնաբանելը սպասել դրա նախապատրաստման ավարտին և հավանությանը:
Ղեկավար կոմիտեն պնդում է, որ ֆորումը ոչ կառավարական կազմակերպությունների անկախ ցանց է, որոնք աշխատում են Եվրամիության օժանդակությամբ: Ֆորումի ղեկավար կոմիտեն իր վրա է վերցնում նրա հայտարարությունների ամբողջական և բացարձակ պատասխանատվությունը, և դրանք չի կարելի նույնականացնել Եվրամիության կամ նրա ցանկացած կառույցի կարծիքին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ