«Ազգային առաջընթաց» կուսակցության Կոտայքի մարզի ռեյտինգային թեկնածու Հայկ Փայտյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտարարեց, որ իր համոզմամբ, իրենց ձայն են տալու այն քաղաքացիները, որոնք կողմնակից են համակարգային փոփոխություններին:
«Մենք ուզում ենք ստեղծել համակարգեր, որոնք ապահովելու են պետության անխափան աշխատանքը, թե՞ կրկին շարժվելու ենք հին փորձով ու գնալու ենք անհատների հետեւից…Պետք է ստեղծվեն համակարգեր, որ եթե անգամ անհատը վատը լինի, համակարգը թույլ չտա, որ պետական ապարատը ձախողվի»,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար եւ լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանում իշխանությունների տարանջատմանը:
«Սահմանադրության մեջ գրել ենք, որ ունենք իշխանության տարանջատում, սակայն չունենք այդ տարանջատումը, որովհետեւ եթե ունենայինք, վարչապետը չէր ունենա սուպեր վարչապետի լիազորություններ…Մենք անձնակենտրոն պետական ու քաղաքական համակարգ ենք ստեղծել, որտեղ անձերի դերը գերագնահատված է»,-ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Երիտասարդներն անդրադարձան նաեւ Արցախի խնդրին: Նրանք կարծում են, որ ամեն ինչ պետք է կայանա ինքնորոշման իրավունքի հիմքի վրա` հանրաքվեով, մի հանրաքվե էլ Հայաստանում պետք է իրականացվի` Արցախը Հայաստանին միավորելու համար:
Մանրամասները` տեսանյութում:
Լրագրողներից մեկի հարցին, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրի կետերի մեծ մեծը վերաբերում է ՀՀ ներքին քաղաքականությանը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Տնտեսապես զարգացած պետությունն ավելի շատ հնարավորություն ունի արտաքին քաղաքականություն իրականացնելու, քան տնտեսապես թույլ երկիրը:
Մեր ուղղվածությունն ավելի արեւմտամետ է, արեւմտյան արժեքները համահունչ են մեր զարգացմանը, որովհետեւ , մեր համոզմամբ, ԵԱՏՄ-ն դիկտատորական պետությունների փակ խմբակ է»:
Նա հավելեց, որ Հայաստանն իր տնտեսական քաղաքականությունը պետք է կառուցի միմիայն իր շահերից ելնելով:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ