Ամուլսարի ծրագրի ուսումնասիրություն իրականացնող ընկերությունը նախաորակավորում է իրականացրել, այս ընթացքում կան արդեն հայտեր, վերջնական ընտրությունը դեռեւս արված չէ, քանի որ սա չի սահմանափակվում միայն մեր նախարարության շրջանակներում, մրցութային գործընթացն իրականացվելու է այլ գերատեսչության շրջանակներում»,-այսօր այս մասին ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թե ի՞նչ սկզբունքով է իրականացվելու մրցույթը, այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ նախաորակավորման պայմանները առցանց հարթակում են. «Բավականին խիստ են պայմանները՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցություն, կենսաբազմազանություն, երկրաբանություն եւ օդ»: Գրիգորյանն ասաց, որ բնապահպանական մոնիտորինգի համար վերցվել են նմուշներ՝ ջրային, տիղմային եւ հողային. «Դեռեւս արդյունքներ չունենք, որովհետեւ գուցե կարիք կլինի լրացուցիչ աշխատանքներ կատարելու»:
Թեղուտի հանքավայրի մասին հարցին ի պատասխան էլ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այս հանքը շահագործող ընկերության տված պաշտոնական վերջին պարզաբանումների համաձայն՝ պատվարի խնդիր կա, եւ չեն կարող շահագործում իրականացնել. «Կարծում եմ՝ պատվարի տեխնիկական վիճակի մասին նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է որոշակի պարզաբանում տա՝ կարգավիճակի հետ կապված: Ֆինանսական մասով՝ մի հանքից մյուսը սեփականատերի փոփոխության մասին որեւէ բան չեմ կարող ասել: Այն մոնիտորինգի համակարգը, որ դրվել էր՝ ամեն եռամսյակ կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել այդ մոնիտորինգի տվյալները, Թեղուտը ներկայացրել է: Նախարարությունն առնչվում է տրված լիցենզիաների եւ տրված համաձայնությունների շրջանակում, սակայն, եթե չեմ սխալվում, բնապահպանական տեսչական մարմնի ստուգումների տարեկան պլանում պետք է լիներ Թեղուտի ստուգումները: Սրանից հետո պարզ կլինեն արդյունքները»:
Կարո՞ղ է երաշխավորել, որ Սեւանից հավելյալ ջրառ չի լինի եւ ջրամբարների խնդիր չի առաջանա, այս հարցն ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ չի կարող նման բան երաշխավորել. «Սակայն կարող եմ երաշխավորել, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հավելյալ ջրառ չլինի: Հավելյալ ջրառը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ լրացուցիչ այն ջրամբարները, որոնք պետք է գումարվեին եւ ջրառին, եւ ստորգետնյա ավազանի, եւ գետի ջրերին, ըստ մեր հաշվարկների, այդ ջրամբարների տակ գտնվող ՀԷԿ-երը զգալի չափով էլեկտրաէներգիա են արտադրել այն սեզոններին, որ չպետք է անեին: Պարզ ասած՝ ՀԷԿ-երը ջուր են վերցրել ջրամբարներից ձմեռվա ամիսներին, այդ պատճառով ջրամբարներում ջուրը քիչ է եղել: Ջրամբարներում ջուրը քիչ է եղել, այդ պատճառով էլ առաջացել է պահանջ լրացուցիչ ջրառի: Եվ ամենակարեւոր հարցը՝ այդ ջուրը որքան է հասնում եւ ինչպես եւ ում: Այս մասով վերջին շաբաթների ուսումնասիրություններով՝ ջրօգտագործողները տասնյակ տարիներ ջուր են օգտագործել եւ չեն հաշվառվել: Երեկ կառավարության նիստին վարչապետն աշխատանքային խումբ ստեղծելու հանձնարարական տվեց: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի՝ հստակեցնել պահանջարկը որքան է, որովհետեւ այն ծավալը, որը տրամադրվում է եւ գումարը, որը հավաքագրվում է ջրի համար, անգամներով տարբեր է»: Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ում կա 7-8 մլրդ խմ մակերեւութային ջուր, բայց չենք կարողանում ապահովել 2 մլրդ խմ ջրապահանջը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ