«Այն, ինչ տեղի ունեցավ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հետ, ողբերգություն է մի քանի իմաստով: Առհասարակ յուրաքանչյուր մարդու մահ ողբերգություն է, եթե երիտասարդ է, կրկնակի ողբերգություն է, երբ տաղանդավոր մարդ է` եռակի ողբերգություն է: Առավել եւս, մեր երկրի համար ամեն տաղանդավոր, այս երկրի ճանաչելիությանը, վարկանիշի բարձրացմանը քիչ թե շատ նպաստող մարդու կորուստը համարում եմ համազգային կորուստ:
Եվ տղայի կորուստն էլ ընկալում եմ այդ համատեքստում: Շատ եմ ցավում եւ ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, օպերայի կոլեկտիվին ու մխիթարություն եմ մաղթում ծնողներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:
Միեւնույն ժամանակ ընդգծեց, որ մշակութային հաստատությունները չպետք է վերածել սգո սրահների:
«Առհասարակ մեր հասարակությունն ունի արժեքաբանական խնդիր: Մենք թացը չորի հետ ենք խառնում, ճիշտը` սխալի հետ, շեշտադրումներն ենք փոխում, չգիտենք ումից ինչ ենք պահանջում, որտեղ ինչ արժեք ենք դնում:
Նույն տրամաբանությամբ մենք ապականեցինք Պանթեոնը: Ես չեմ ասում, որ անարժան մարդիկ այնտեղ թաղվեցին, բայց Պանթեոնի բնույթը, նպատակը եւ իմաստն այսօր կորցրել ենք: Ես չեմ ուզում փակագծեր բացել, չեմ ուզում անուններ տալ, Աստված բոլորի հոգին լուսավորի, բայց ամեն դեպքում սա լուրջ խնդիր է:
Որպես հասարակություն` արդյոք ճշտե՞լ ենք, թե ինչն ենք ընդունում եւ ինչն ենք մերժում: Ես ցավակցում եմ Վահագն Մարգարյանի հարազատներին եւ ուղղակի զարհուրում եմ, թե ո՞նց կարելի էր այս օրերին հաշվի չառնելով ոչ մի բան, ստեղծել մեծ աղմուկ մի խնդրի շուրջ, որը վստահ եմ, հարազատներին հաստատ դուր չէր գալու եւ վերքի վրա աղ լցնող խոսակցություններ էին շրջանառվելու: Այդ կետում էլ սահման չունենք, որ սպասենք ավարտվի ամեն ինչ, հետո նոր քննարկենք»,- տարակուսանք հայտնեց մեր զրուցակիցը:
«Գլոբալ իմաստով ես կողմ եմ, որ օրենքով սահմանափակվի գեղարվեստական վայրերից, միջավայրերից սգո արարողությունների իրականացումը: Որովհետեւ չի կարող գեղարվեստի խորհրդանիշը, տվյալ դեպքում` Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնն ասոցացվել ողբերգության, վշտի եւ սգի հետ:
Ամեն անգամ, երբ մտնում եմ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, հիշում եմ բազմաթիվ ցավալի դեպքեր: Ուզում եմ մի օրինակ բերել` Ֆրանսիայում տաղանդավոր ու հանճարեղ շատ մարդիկ կան, բայց ամեն մեկը չի Ինվալիդների պալատից գնում:
Եթե մենք նման քայլերի ենք գնում, դա պետք է անենք այն պարագայում, եթե գործ ունենք տվյալ կառույցին, մշակույթին, երկրին միջազգային բացառիկ ճանաչողություն եւ հեղինակություն պարգեւած, երկրին բացառիկ ծառայություն մատուցած մեծության հետ, որ բոլոր առումներով անվերապահորեն ասենք` այո, այս մարդն այստեղից պետք է գնա իր վերջին ճանապարհը»,-հավելեց Արա Խզմալյանը:
«Մենք արդեն շատ ենք արծարծում եւ ծամծմում մի խնդիր, որը պետք է լուծել օրենքով`պետք է մեկընդմիշտ սահմանափակվի, սա է իմ դիրքորոշումը: Այն, որ մենք ունենք մեծ դեֆիցիտ սգո սրահների, փաստ է…Գիտենք, որ եկեղեցիներին տեղ չկա, որ մարդկանց կարողանան հանդերձյալ աշխարհ ճանապարհել եկեղեցիներից, սգո սրահների խնդիր ունենք: Ու խնդիրը հենց այդտեղ է:
Պետք է հատուկ պայմաններ ստեղծել, որ ամեն ինչ լինի հավուր պատշաճի: Ուրախ եմ, որ տնից հանգուցյալներին ճանապարհելու ավանդույթը մեր կենցաղից, բարքերից ու հոգեբանությունից դուրս է մնում, բայց դրա համար պետք է տեխնիկապես պայմաններ ստեղծենք, որ ամրապնդվի ամեն ինչը: Թատրոնը, համերգասրահները եւ նման միջավայրերը միայն խինդի, ուրախության, վայելքի, առօրյա հոգսերը, խնդիրները մոռանալու եզակի հանգրվաններն են, որոնք պետք է հնարավորինս հեռու պահենք մահվան գաղափարից ու խորհրդանիշներից»,-համոզված է Արա Խզմալյանը:
Նա նաեւ հավելեց, որ ցավոտ թեման չէր ցանկանա կապել հենց Վահագն Մարգարյանի հետ կատարվածի հետ, նաեւ նկատեց, որ մարդկանց ավելի շատ զայրացրել էր մշակույթի նախարարության անպատեհ բացատրությունը, թե ինչու հնարավոր չէր բալետի արտիստի վերջին հրաժեշտը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Արա Խզմալյանի ֆեյսբուքյան էջից: