Նախընտրական քարոզարշավում ՀՀԿ կարգախոսի («Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին») շուրջ սոցցանցերում նկատվող քննադատության առնչությամբ այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց. «Շատ ճիշտ կարգախոս է, ի՞նչ կա քննադատելու: Քաղաքացին մտահոգ չէ՞, որ, օրինակ, բյուջեի նման նախագիծ է հաստատվել, որ, օրինակ, աշխատավարձի եւ թոշակի բարձրացում չի լինելու: Իհարկե, մտահոգ է, եւ այդ մտահոգությունն արտահայտելու համար ԱԺ-ում պետք է լինի այն ուժը, որը կքննադատի իշխանության գործունեությունը»:
Մինասյանի խոսքով՝ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն լինելու է միակ կառուցողական ընդդիմությունը:
Անդրադառնալով շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպելիք երթին, Գագիկ Մինասյանը նկատեց. «Անառարկելի է, որ դա նրա մոտ լավ է ստացվում, նրան լավ է հաջողվում նման երթեր կազմակերպել, նա իրեն լավ է զգում այդ ոլորտում, ի տարբերություն տնտեսության եւ արտաքին քաղաքականության ոլորտների»:
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Գեղարքունիք կատարած այցին, որում ՀՀԿ-ն վարչական ռեսուրսի չարաշահում է տեսնում. «Ճիշտ է, ԿԸՀ-ն ասաց, որ նրա ելույթները չեն եղել նախընտրական քարոզարշավի օրերին, բայց նկատի ունենանք հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականն այն մասին, որ միջազգային նորմերին հակասում է նման մոտեցումը: Դա լուրջ ահազանգ կարող է լինել: Ճիշտ կլինի, որ իշխանության քայլերը համահունչ լինեն այն սկզբունքներին, որոնք որդեգրվել են միջազգային հանրության կողմից»:
Գագիկ Մինասյանը նաեւ նշեց՝ վերջին շրջանում վարչապետի ԺՊ-ն խոսում է միլիոնավոր դոլարների ներդրումների հնարավորության մասին, բայց եթե նման ներդրումային ծրագրեր կային, ինչո՞ւ դրանք չեն հայտնվել եկող տարվա բյուջեի նախագծում. «Հետեւաբար, դրանք այնքան իրատեսական չեն, որ հայտնվեին նախագծում, կամ դրանց հնարավորություններն այնքան փոքր են, որ չնչին տնտեսական աճ են կանխատեսում: Ուստի չափազանց հեռու է վարչապետի այն բնորոշումը, թե ժողովրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարված են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2159355397662052/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ