Հայկական լրատվամիջոցներին արդեն ծանոթ գերմանացի հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգն ու Լուդվիգ Քենդցիան նոյեմբերի 21- ին MDR- ի ռադիոեթերում, ինչպես նաեւ ռադիոհեռուստաընկերության կայքէջում իրազեկում են, թե « ամիսներ տեւած հետաքննությունից հետո Թյուրինգիայի երկրամասային քրեական վարչությանը հաջողվել է «հայկական մաֆիային» հարված հասցնել»: Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, ի թիվս այլոց ձերբակալել են երկու անձանց՝ 26- ամյա Կարո Ս- ին եւ 31- ամյա Արթուր Զ- ին, որ ըստ հրապարակման, ներկայացված են փոխված անուններով: Հիշյալ անձինք, ըստ կասկածների, կլանի անդամ են, եւ առերեւույթ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող այս այրերը, հավանական է զբաղվել են նաեւ թմրանյութի առեւտրով էլ: Քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 35 կգ մարիխուանա:
Թյուրինգիայի իրավապահ մարմիններին նրանք անծանոթ չեն, 2014- ի հուլիսին Էրֆուրտում հայկական երկու կլանների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության վայրում նրանք էլ ներկա են եղել, հաղորդում են հետաքննող լրագրողները: 4 տարի առաջ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ արձակվել էր 20 եւ ավելի կրակոց, երկու տղամարդ ծանր վիրավորվել էր:
Ձերբակալվածները, ըստ տեղեկատու վերոնշյալ աղբյուրի, քրեական անցյալ ունեն, 10 տարի առաջ արդեն հայտնի են դարձել Էրֆուրտի փողոցներում: Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած խումբը, որ «Ջոկեր» անունն էր կրում, ամենայն հավանականությամբ զբաղված էր ենթադրյալ բիզնեսովՙ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում ունեն: «Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվում է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքում, գրված է հետաքննության մեջ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում