Հանրային ծառայությունների սակագները նվազեցնելու վերաբերյալ քաղաքական իշխանության եկած ուժերի տված խոստումները, ինչպես շատ այլ դեպքերում, շարունակում են մնալ չիրականացված։ Ավելին` մինչ գազի եւ էլեկտրաէներգիայի առումով դեռեւս որեւէ հստակություն չկա, չնայած տեւական ժամանակ տարբեր հանձնաժողովների կատարած ուսումնասիրություններին, այլեւս պարզ է, որ կբարձրանա խմելու ջրի գինը։
Այդ մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին։ Մեկ ամիս հետո կամ 2019թ. հունվարի 1-ից այն կմտնի գործողության մեջ։
Ինչպես հայտնի է, Հայաստանի ջրային համակարգը կառավարող «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել էր կարգավորողին՝ սակագների ճշգրտման հայտով։ Կառավարման պայմանագրով ընկերությունն իրավունք ունի ամեն տարի հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ, ինչը եւ արել է։ Ուսումնասիրելով ընկերության հայտը՝ հանձնաժողովը, որոշ վերապահումներով, այն համարել է հիմնավորված։
Ըստ այդմ, բնակչության համար մանրածախ խմելու ջրի սակագինը «Վեոլիա ջուր» ընկերության կառավարման տարածքներում, այդ թվում՝ Երեւանում, լինելու է 202,2 դրամ։ Սա հանձնաժողովի ուսումնասիրությամբ ձեւավորված սակագինն է, որը մի փոքր ցածր է ընկերության ներկայացրածից։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում էր մանրածախ ջրամատակարարման-ջրահեռացման ծառայության գինը բնակիչ-սպառողների համար ավելացնել 13,7 դրամով եւ գործող 191,4-ից հասցնել 205,1 դրամի։ Հայտի ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը առաջարկած 13,7 դրամից գրեթե 3 դրամը հիմնավոր չի համարել։
Ինչպես սովորաբար լինում է, խնդիրը դարձյալ ջրամատակարարման օգտակար առաքման կամ հաշվառման հետ է կապված։ Այս միջոցը հանձնաժողովը մշտապես օգտագործում է ներկայացվածից գոնե մի փոքր պակաս սակագին սահմանելու համար։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում