Մեր հասարակությունը ընդհանրապես գոհունակությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջիկա ընտրություններից հետո կառավարության կազմը կրճատելու մասին: Հասարակական գիտակցության մեջ, ոչ միայն մեր երկրում, տպավորությունն այն է, որ նախարարությունները, նրանց մեծ ու փոքր պաշտոնյաները որպես աշխատավարձ ստացողներ, նրանց սպասարկող անձնակազմերը, ուղեւորություններն ու տրանսպորտի, կահավորման եւ այլ ծախսերը բնավ համեմատելի չեն նրանց օգտակարության հետ ու նրանց թվի նվազումը նույնհետայն կբերի ծախսերի կրճատում, կթեթեւացնի պետբյուջեի, հետեւաբար հարկատուների բեռը:
Ոչ սխալ, բայց շատ մակերեսային ու պարզամիտ մոտեցում: Պետական ծառայողների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար, գերատեսչությունների ղեկավարներ ու նրանց ենթականեր) թվի նվազումը միշտ չէ որ ուղիղ համեմատական է ծախսերի կրճատման, իսկ վերջինսՙ պետական արդյունավետ կառավարման հետ: Մեկի կրճատումը երբեմն չի առաջնորդում մյուսի կրճատմանը, եթե…
Իսկապես շատ են եթե-ները, սկսած պետական աշխատանքի արդյունավետությունից մինչեւ նյութական վարձատրության անհամաչափություն եւ կոռուպցիոն ռիսկեր: Եվրոպական տարբեր երկրների ու նույնիսկ Եվրոմիության ղեկավար համակարգի (չմոռանանքՙ վերջինում ընդգրկված են շուրջ 50000 պաշտոնյաներ) փորձը մեզ համար ուսանելի, բայց, անշուշտ, ոչ համաչափ դասեր է տալիս, որոնք հաշվի պետք է առնել մեր երկրում կառավարման համակարգի եւ հատկապես պաշտոնյաների, կրթական ու ներքին անվտանգության ոլորտներում աշխատողների թվի կրճատման յուրաքանչյուր փորձից առաջ: Այլ խոսքովՙ նման փոփոխությունները կարող են կատարվել միայն նախօրոք տնտեսական ու սոցիալական համապատասխան բարեփոխումներ իրականացնելու պայմանով:
Այսօր շատ է խոսվում խորհրդարանական ընտրություններից հետո պետական համակարգում կատարվելիք մեծաքանակ կրճատումների մասին (ըստ ոմանցՙ նույնիսկ 100 հազար), որպես հետեւանք նաեւ մի շարք նախարարությունների միացման: Առանց համապատասխան նախապատրաստության այդպիսի քայլը պիտի նշանակեր պարզապես գործազուրկների թվի կտրուկ ավելացումՙ իր սոցիալական ու քաղաքական, նաեւ անվտանգային ծանր հետեւանքներով: Մանավանդ որ ներհայաստանյան շուկան, բոլորիս է հայտնի, բոլորովին պատրաստ չէ աշխատանքից զրկվածներին «ներծծելու»: Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում խիստ սակավ են մարդկանց, այս պարագայում պետական ծառայողների վերաորակավորման, աշխատանքի տեղավորման մեխանիզմները:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում