Լավ է, իհարկե, որ վարչապետի պաշտոնակատարը որոշել է, ինչպես ասաց՝ համաերեւանյան երթ անել, իր խոսքով՝ երթը լինելու է անսովոր, «մոտավորապես այնպիսին, ինչպիսին հեղափոխության օրերին»: Չնայած եթե մոտավորապես այնպիսին, ինչպիսին անում էին, ապա էլ դրա անսովորը ո՞րն է: Ի՞նչ է, թվայնացվա՞ծ, այսինքն՝ IT-վուվուզելներո՞վ են երթ անելու, թե՞ «դըմփ-դըմփ հո՛ւ»-ն ֆոնոգրամայով է հնչելու:
Ճանապարհատրանսպորտային ու հանրային վերգետնյա փոխադրամիջոցների տեսանկյունից ամենակարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կձգտեն երթով անցնել Երեւանի բոլոր վարչական շրջաններով: Կարծում ենք, առնվազն մի քանի տասնյակ հազարանոց երթ է լինելու, ինչից տրամաբանորեն հետեւում է, որ շաբաթ օրը Երեւանում երթեւեկությունն ուղղակի կաթվածահար վիճակում կարող է հայտնվել, ըստ որում՝ այնպես, որ հողմապակուն Նիկոլ Փաշինյանի հեղափոխական դիմապատկերը փակցնելն էլ չի օգնի: Բայց դե, ո՞ւմ է դա հետաքրքիր, չէ՞:
Հա, եւ Փաշինյանը հայտարարեց. «Հույս ունեմ, որ այդ օրը իրար հետ լավ կքայլենք, ի վերջո, հեղափոխության այս փուլը արժեւորելու, նշանավորելու եւ ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակը եւս մեկ անգամ ազդարարելու…»:
Հաջորդ բառը չարտասանեց, բայց տրամաբանորեն ենթադրվում է, որ ուզում էր ասել՝ թվարկվածի համար կամ նպատակով:
Այնքան էլ լավ չի հասկացվում, թե «իրար հետ լավ քայլելը» ինչո՞վ է արժեւորում որեւէ իրադարձություն կամ երեւույթ, բայց նախասիրության հարց է: Մեկը, միգուցե, քարին նստած խորհելով է «աշխարհքի բանն» արժեւորում, վարչապետի պաշտոնակատարն ու թեկնածուն էլ՝ քայլելով:
Հարց է նաեւ, թե քանի՞ անգամ պիտի «եւս մեկ անգամ ազդարարվի» ՀՀ հպա՜րտ քաղաքացու հաղթանակը, որպեսզի իշխանության եկած անձինք վերջնականապես իրենց ամբիցիաները բավարարված համարեն: Գուցե օրումե՞ջ ազդարարվի: Կարելի է խորհուրդ տալ անգամ, որ օրացույցը փոխվի, օրերի անվանումները փոխվեն: Շատ հեղափոխականներ են այդպես վարվել:
Կատակելու անսպառ թեմա է, իհարկե: Մանավանդ այս նախընտրական շրջանում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում