Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի 10-րդ տուրը եւս ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 5:5:
Առաջին հայացքից տպավորություն կա, թե չեմպիոնի ու հավակնորդի միջեւ պայքարն արդեն ձանձրալի է դառնում, քանի որ գոնե մեկ հաղթանակ չկա: Սակայն մրցամարտի ղեկավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Բրիտանիայի մայրաքաղաքից Aravot.am-ին ասաց, որ յուրաքանչյուր պարտիայում ծավալվում անչափ նուրբ ու խորքային պայքար, որտեղ ամեն մի աննշան վրիպումը գլխիվայր կարող է փոխել խաղատախտակի վրա իրադարձությունների ընթացքը: Չկա մի պարտիա, որում գրոսմայստերները պայքարը չսրեն, միմյանց անակնկալներ չմատուցեն: Իսկ հավասար հաշիվը վկայում է, որ խաղատախտակի առջեւ նստում են միմյանց արժանի շախմատային գրանդներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ