Կապանի քաղաքապետի ընտրությունները, այո, Փաշինյանին շատ են մտահոգել։ Սյունիքի մարզից, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը ձեռ է քաշել, առայժմ գնում է Գեղարքունիք եւ Արագածոտն, հիմա էլ պատրաստվում է քայլարշավ անել Երեւանում։ Արագածոտնում, օրինակ, Փաշինյանը նկատեց, որ ամենադուխով մարդը Արագածոտնի մարզպետն է։ Այդ պաշտոնը զբաղեցնող անձը Փաշինյանին այնպես էր պաշտպանում Աշտարակի քաղաքացիների բողոքներից, ասես վարչապետի կյանքին վտանգ էր սպառնում։
Հետո մեկնեցին Ապարան։ Այնտեղ նրան սպասում էր մի բազմություն, որի առաջին շարքերում ժպտացող ապարանցիներն էին, իսկ մեջտեղում՝ մշակույթի տան զուռնա-դհոլի անսամբլը, որ հենց Փաշինյանը ոտքը դնի Ապարանի սահմաններից ներս, սկսեն նվագել։ Ամեն ինչ հրաշալի էր, մանավանդ՝ Հանրայինի եթերով։
Ո՛չ Աշտարակում, ո՛չ էլ Ապարանում Փաշինյանը տոկոսներ չհնչեցրեց, նույնիսկ չհիշեց մեկ օր առաջ արած իր աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ տված խոստումները կատարել է 100 տոկոսով։ Դրա ժամանակը չէր։ Մարզերում մարդիկ մի փոքր ավելի խստապահանջ են, եւ, հնարավոր է, նրանց թվար, որ հեղափոխությունը տակավին իրենց մարզ չի հասել։
Թե ինչ տպավորություններով է Փաշինյանը վերադարձել Երեւան, չենք կարող ասել, թեեւ կարծում ենք, նա, անշուշտ, նկատել է, որ Արագածոտնում իր անվտանգության պահապանները թույլ չտվեցին, որ որեւէ աշտարակցի կամ ապարանցի պրոտոկոլից դուրս ձեռքով դիպչի իրեն, շոշափի կամ ուրիշ անմիջական պահվածք դրսեւորի իր անձի հանդեպ։ Մի՞թե դա խելացի էր՝ ժողովրդին զրկել իր առաջնորդին դիպչելու հնարավորությունից։ Բայց քաղաքագիտության դեմ ոչինչ անել չես կարող: Անցել են փողոցային ժողովրդավարության ժամանակները, հեղափոխությունը մտել է նոր փուլ՝ հեղափոխական իշխանությունների եւ հեղափոխության շարժիչ ուժի՝ ժողովրդի միջեւ պատշաճ տարածություն սահմանելու փուլը։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում